211652_close_icon
views-count1219 դիտում article-date 19:05 29-04-2021

Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեն, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ազգային ժողովի պատգամավորներ Գզավիե Բրըտոնը, Ժակլին Դյուբուան եւ Ֆրանսուա Պուպոնին:

Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ պատիվ է Ազգային ժողովում հյուրընկալել հայ ժողովրդի վաղեմի իրական բարեկամներին: Խորհրդարանի խոսնակն ընդգծեց, որ կարեւոր էր  ֆրանսիացի գործընկերների այցը ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ:

Կողմերը քննարկեցին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակն Արցախում, հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման եւ դրանում Ֆրանսիայի կարեւոր դերի վերաբերյալ հարցեր:

Ֆրանսիացի խորհրդարանականներն ԱԺ նախագահին ներկայացրին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող եւ Արցախի վերաբերյալ նոր օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրենց մտադրությունը:

Արարատ Միրզոյանը եւ ֆրանսիացի գործընկերները պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ ջանքեր գործադրել Արցախի անվտանգության եւ արցախահայերի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու ուղղությամբ` փորձելով առավել հանրայնացնել խնդիրը եվրոպական տարբեր երկրներում: 

 

 

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր