211652_close_icon
views-count1108 դիտում article-date 14:59 28-04-2021

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվություն է կրում հուշարձանի հանդեպ. Արա Խզմալյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ապրիլի 27-ին Սբ. Աննա եկեղեցու բակում տեղի է ունեցել բացօթյա համերգային երեկո, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ կատարումներով հանդես են եկել հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, Երևանի պետական կամերային երգչախումբը, «Ագապե» կամերային երգչախումբը (իգական կազմ) և «Ֆոլկ-մոդեռն» ժողովրդական գործիքների նվագախումբը:

Համերգի նպատակն էր բարձրացնել հանրային իրազեկվածությունը հուշարձանների և դրանց պահպանության խնդիրների վերաբերյալ: Այդ համատեքստում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ թողարկել է պատմամշակութային հուշարձանների պատկերներով նամականիշեր՝ «Միասնաբար պահպանենք ժառանգությունը» կարգախոսով: Գնելով նամականիշերը՝ յուրաքանչյուր քաղաքացի իր կարևոր ներդրումն է ունենալու հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության գործում: Ըստ այդմ՝ համերգի ընթացքում ցուցադրվել են նամականիշերի վրա պատկերված հուշարձանների (Մարմաշենի վանք, Երերույքի տաճար, Ագարակաձորի կամուրջ) մասին պատմող տեսանյութեր, որոնք ներկայացնում էին ոլորտի մասնագետները:

Նախարարի տեղակալ Ա. Խզմալյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել «Հայփոստ»-ի ղեկավարությանը համագործակցության համար՝ շեշտելով, որ այն կտա ակնկալվող արդյունքները:

«Այս միջոցառման նպատակն է ուշադրություն հրավիրել մեր մշակութային ժառանգության վրա. չափազանց կարևոր է արտաքին թշնամու դեմ պայքարում, մեր արդար իրավունքը պաշտպանելու գործում վստահ լինել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվություն է կրում իր ազգային արժեքի հանդեպ: Երբեք ու երբեք պետական ռեսուրսները չեն կարող լիարժեք բավարարել՝ ապահովելու մեր հսկայածավալ ժառանգության ֆիզիկական անվտանգությունը, եթե այդ գործին մասնակից չէ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Այս ակցիան պատմամշակութային ժառանգության պահպանության գործին նաև քաղաքացիներին մասնակից դարձնելու հնարավորություն է»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը:

«Հայփոստ» ՓԲ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանը ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ մասնավորապես ընդգծելով. «Փոստային նամականիշերը, փոստային գործառույթներից զատ, ունեն նաև այլ՝ ավելի կարևոր առաքելություն. դրանք ամբողջ աշխարհին պատմում են մեր երկրի հարուստ մշակութային ժառանգության մասին: Հենց դա է պատճառը, որ մենք շարունակաբար աջակցելու ենք այս ծրագրին՝ թողարկելով նոր նամականիշեր»:

Համերգի ընթացքում նաև շնորհակալագրեր են հանձնվել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներից պատմամշակութային ժառանգության տեղափոխման աշխատանքներին մասնակցած անհատներին, որոնք համագործակցել են ԿԳՄՍ նախարարության հետ:

Նմանատիպ նյութեր