211652_close_icon
views-count1704 դիտում article-date 10:25 21-04-2021

Ճիշտ ժամանակն է հրաժարվել հուզական մոտեցումներից․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայկական ֆեյսբուքում երեկ կրքեր էին բորբոքվել 20-րդ դարի նշանավոր քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի արձանը Երևանում դնելու կապակցությամբ: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ եթե որևէ արձանի տեղադրումը վեճեր է առաջացնում, ապա ավելի լավ է ձեռնպահ մնալ այդ քայլից կրքեր չբորբոքելու համար՝ մանավանդ մեր այս անհանգիստ ժամանակաշրջանում:

Պարզ է, որ Գանդին ամենևին սուրբ չէր, հրեշտակ չէր, բավականին պրագմատիկ քաղաքական գործիչ էր, և նրա քայլերը պայմանավորված էին Բրիտանական կայսրության դեմ իր պայքարով, հանուն իր երկրի անկախության: Իսկ այդ շահերը որոշակի ժամանակահատվածում համընկնում էին Օսմանյան կայսրության, իսկ այնուհետև՝ քեմալական Թուրքիայի շահերի հետ, և, հետևաբար՝ հակասում էին մեր՝ հայերիս, շահերին:

Երեկ մի քանի տեղ գրվել է, իբր Գանդին ողջունել է Հայոց ցեղասպանությունը, սակայն, կարծում եմ, դա քարոզչական չափազանցություն է. որևէ նման տեքստ ինձ չհաջողվեց հայտնաբերել: Նրա փիլիսոփայությունն անձամբ ինձ սրտամոտ է, բայց դա ամենևին փաստարկ չէ արձան դնելու օգտին՝ չարժեր այս լարված պահին հասարակությանը զբաղեցնել նման երկրորդական խնդրով:

Բայց ինքը՝ քննարկումը, բացահայտում է մեր քաղաքական մշակույթի որոշակի առանձնահատկությունները, մասնավորապես, այն, որ մենք աշխարհի նախկին և ներկա առաջնորդներից պահանջում ենք, որ նրանք առաջնորդվեն մեր՝ հայերիս շահերով՝ միայն այն պատճառով, որ արդարությունն ու ճշմարտությունը մեր կողմն են: Եվ երբ Գանդին, Չերչիլը, Թրամփը, Լենինը, Ստալինը կամ Պուտինը գործում են իրե՛նց երկրների շահերից ելնելով, մենք մի տեսակ նեղվում ենք և սկսում ենք բողոքել աշխարհից ու մեր դառը ճակատագրից: (Ենթադրենք, ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչների մի մասը դեմ էր, որ մեր գերիների հարցը մտներ լիագումար նիստի օրակարգ: Նեղանալու փոխարեն, թերևս, արժե փորձել հասկանալ նրանց, ինչպես նաև բոլոր մնացած պատվիրակների մոտիվացիան):

Մեր այս «զարկված» վիճակում թերևս ճիշտ ժամանակն է հրաժարվել հուզական մոտեցումներից, ուսումնասիրել մեր վիճակում հայտնված ազգերի, պետությունների (օրինակ, Առաջին և Երկրորդ աշխարհամարտում պարտվածների) փորձը՝ «ռեալ քաղաքականությունից» ելնելով ի՞նչ քայլեր են ձեռնարկել, ո՞ր ոլորտներն էին զարգացնում, ի՞նչ բարեկամներ էին փորձում ձեռք բերել: Թե չէ մեր հասարակության կեցվածքն է՝ աշխարհից նեղանալը, իսկ մեր իշխանությունների կեցվածքը (ի հեճուկս հոխորտալից հռետորաբանության)՝ «դե, սա է, ուրիշ ճար չկա»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր