Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը ինչո՞ւ ռազմագերիների վերաբերյալ հարցին նման կերպ քվեարկեց․ «Ժողովուրդ»

Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը ինչո՞ւ ռազմագերիների վերաբերյալ հարցին նման կերպ քվեարկեց․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության անդամները հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քվեարկության պատկերը տեխնիկական խափանման հետևանք են համարում: Ինչպես հայտնի է, պատվիրակության 12 անդամներից 5-ը՝ դեմ, իսկ 7-ը ձեռնպահ են եղել, որպեսզի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում քննարկվի այդ հարցը:

Միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը գրեթե ամբողջությամբ նաև դեմ է եղել, որ վեհաժողովում քննարկվի Թուրքիայում ժողովրդավարության վիճակի հարցը: Թե ինչու Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը ռազմագերիների հարցի և Թուրքիայի ժողովրդավարական վիճակի պրոբլեմները քննարկելու հարցում նման կերպ վարվեց, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ ՌԴ պատվիրակության անդամներից, սակայն միևնույն պատասխանը ստացանք:

Նախ պատվիրակության անդամ Սերգեյ Պախոմովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այդ հարցի քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակությունը տեխնիկական խափանման է բախվել, և դա է եղել այդպիսի քվեարկության պատճառը՝ ասելով, թե համապատասխան դիմումներն արդեն ներկայացվել են: Նման պատճառաբանություն բերեց նաև ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը՝ «Ժողովուրդ» օրաթերթին ասելով, թե խնդիր է եղել՝ խոստանալով, որ քննարկման ժամանակ իրենց դիրքորոշումը կհայտնեն:

Հավելենք, որ ռուսական պատվիրակությունից զատ դեմ են եղել ողջ ադրբեջանական պատվիրակությունը՝ 6 հոգի, քվեարկությանը մասնակցած Թուրքիայի 9 հոգանոց պատվիրակության 8 հոգին, մեկը կողմ է եղել Ֆելեքնաս Ուջան, ով ազգությամբ եզդի է, Սերբիայի ու Հունգարիայի մեկական պատվիրակ, ընդհանուր առմամբ՝ 21 դեմ, փոխարենը կողմ են քվեարկել 93-ը, ձեռնպահ՝ 18-ը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք