211652_close_icon
views-count1385 դիտում article-date 23:30 20-04-2021

Ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի մշտադիտարկման զեկույցը

Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան համատեղ իրականացրել են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2019-2020 թվականներին նախատեսված գործողությունների մոնիթորինգ։

Արդյունքում մշակվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի մշտադիտարկման զեկույցը։

Այսօր՝ ապրիլի 20-ին, զեկույցի քննարկման նպատակով առցանց համաժողով անցկացվեց, որին մասնակցում էին պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, փաստաբաններ։

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ Նրա խոսքով՝ սա այն եզակի ռազմավարությունն է եղել, որ մեծ ներառականություն է ունեցել ու ընդունվել և՛ քաղհասարակության, և՛ պետական մարմինների ջանքերով։ Կարեն Զադոյանը նշեց, որ կարևոր էր հատկապես այն, որ ռազմավարությունը առանձնահատուկ երկու նպատակ ուներ՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն ու հակակոռուպցիոն հենասյուների ամրագրումը (հակակոռուպցիոն կրթություն, կանխարգելում, կոռուպցիոն գործերի քննություն (պատժի անխուսափելիություն)։

«մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելով հակակոռուպցիոն ռազմավարության հիմնանխատակի և առանձնահատուկ խնդիրների վրա, մենք այնքան էլ ուշադիր չենք եղել գործողությունների և մոնիթորինգի ու գնահատման հարցերում։ Սույն մոնիթորինգն իրականացնելիս հատկորոշում ենք, որ շատ բացեր կան այդ հարցերում։ Կարելի է ասել, որ գնահատման ու մոնիթորինգի համակարգը մեզ հնարավորություն չի տալիս գնահատել հակակոռուպցիոն խնդիրների ու նպատակների իրական և որակական արդյունքները, չափել միջնաժամկետ ու երկարաժամկետ ազդեցությունը։ Սա շատ կարևոր է, որովհետև հիմնականում գնահատվում է գործողությունների իրականացման մակարադակը, այն էլ՝ չունենալով որակական չափորոշիչներ»,- խնդիրների մասին խոսելիս ասաց ԻՀԱ նախագահը։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արփինե Հակոբյանը հայտնեց, որ ռազմավարության մշակման փուլում կոալիցիայի կողմից մոտ 113 առաջարկ է ներկայացվել, որոնց 80 տոկոսը ներառվել է ռազմավարության մեջ։ «Միմիայն համատեղ ջանքերով կարելի է հակակոռուպցիոն ոլորտում արդյունքների հասնել և շատ կարևոր է, որ պետական մարմիններն ու ՔՀԿ-ները համատեղ աշխատեն»,-ասաց նա։

Խոսելով հակակոռուպցիոն մարմինների մասին՝ ԱԼԳ  քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն անդրադարձավ կադրերի նշանակման գործընթացի թափանցիկ, մրցութային չլինելու խնդրին։  «Դա կոռուպցիայի վերացման մեծ երաշխիք է և անգամ Մարդու իրավունքների պաշտպանի պարագայում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների համաշխարհային ցանցը նման պահանջներ է նախատեսում, որպեսզի բացառվի անգամ այն պաշտոններում, որոնք տարիներ ի վեր հայեցողական պաշտոններ են համարվել՝ բացառելու քաղաքական նշանակումները»,-ասաց Լուսինե Հակոբյանը։

Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը նշեց, որ ռազմավարության մոնիթորինգը եղել ու այժմ էլ շարունակում է լինել ամենաթույլ օղակը։ «Ինքներս էլ, երբ գնահատումն իրականցնում էինք՝ նկատում էինք, որ այստեղ լուրջ խնդիրներ ունենք ու հիմա ռազմավարության մեջ փոփոխություններ ենք նախատեսում՝ ավելի գործուն և աշխատող մոնիթորինգի մեխանիզմ ունենալու համար»,-նշեց նա։

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի մշտադիտարկման զեկույցը ներկայացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ մոնիթորինգի շրջանակներում իրականացվել է ռազմավարության կատարման մշտադիտարկում, անցկացվել են փորձագիտական խորացված հարցազրույցներ միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունների պատասխանատու հանդիսացող առանցքային մարմինների հետ, կազմակերպվել են ֆոկուս խմբային քննարկումներ շահագրգիռ պետական մարմինների, ՔՀԿ-ների և փորձագետների հետ, ինչպեսև՝ այլ գործողություններ: Հիմնական վեր հանված խնդիրներից է այն, որ շատ դեպքերում, երբ գնահատում ենք այս կամ այն գործողության կատարման մակարդակը, այն ֆորմալ առումով և ռազմավարության վերստուգիչ ցուցանիշներով գնահատվում է կատարված։ Սակայն, երբ ուսումնասիրում ենք որակական մասը, նկատում ենք, որ առկա են լուրջ խնդիրներ, որոնք կատարված գործողությամբ չեն լուծվել։ Ցավոք, նմանատիպ գործողությունները ռազմավարությունում մեծ թիվ են կազմում։ Դրանց շարքում, հատկապես մեծ են ինստիտուցիոնալ համակարգի անկախության երաշխիքների բացակայությունը․ մի կողմից ստեղծվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և Հակակոռուպցիոն կոմիտեն, մյուս կողմից կադրերի ընտրությունը կատարվել է ոչ թափանցիկ և քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում (Կոմիտեի դեպքում նշանակումները դեռ չեն կատարվել, բայց օրենսդրական մեխանիզմները թույլ են տալիս այդ գործընթացում ունենալ քաղաքական ազդեցություն)։

ՔՀԿ-ների կողմից հիմնական մտահոգությունը կայանում էր նրանում, որ շատ գործընթացներում իրենց ձայնը լսելի չէ․ կամ չեն ապահովվում վերջիններիս մասնակցությունը, կամ այդ մասնակցությունը կրում է ձևական բնույթ։

Ամփոփելով միջոցառումը՝ Կ․ Զադոյանը նշեց, որ շատ կարճ ժամանակում հարկավոր է ամբողջությամբ վերանայել ռազմավարությունը՝ ինչպես գործողությունների կատարման, այնպես էլ դրանց գնահատման նպատակով ելքային մակարդակի ցուցիչներ սահմանելով։

Նմանատիպ նյութեր