211652_close_icon
views-count895 դիտում article-date 11:12 20-04-2021

Խնդիրն ինքնաբավ, կայացած մարդկանց դեֆիցիտն է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս գործընկերոջս հոդվածի տակ կրկին կարդացի «դու քո պիցցան կեր» ոճի մեկնաբանությունների շարքը, եւ կրկին համոզվեցի, որ մենք ապրում ենք հետ-ճշմարտության (post-truth) դարաշրջանում: Դա մի իրավիճակ է, երբ իրականության հանդեպ մարդկանց վերաբերմունքը, նրանց ընկալումներն ու էմոցիաներն ավելի կարեւոր են, քան բուն իրականությունը: Այդպիսի մի իրավիճակի հաճախ ենք հանդիպում ամերիկյան սերիալներում, երբ փաստաբանն ասում է իր վստահորդ ամբաստանյալին՝ կարեւոր չէ՝ դու կատարե՞լ ես քեզ մեղսագրվող հանցագործությունը, թե ոչ, կարեւոր է, թե ո՞ր վարկածին են հավատալու երդվյալ ատենակալները:

Եթե քաղաքացիներին (քաղաքականության մեջ) կամ տվյալ ապրանքը սպառողներին (առեւտրում) համարենք դատավճիռ կայացնող «երդվյալ ատենակալներ», ապա կարող ենք պնդել, որ այս դեպքում էլ կարեւոր չէ, ինչ է կատարվում իրականում, կարեւոր է, թե ինչպիսի հույզեր է առաջացնում այդ իրականության մատուցումը: Իսկ մատուցման ձեւն ամբողջությամբ քարոզիչների ձեռքում է: Խոսքը հենց քարոզիչների մասին է, ոչ թե լրագրողների, որովհետեւ իսկական լրագրողը միշտ փորձում է սպառողին մոտեցնել իրականությանը, ոչ թե արթնացնել պատվիրատուների համար ձեռնտու հույզերը:

Վերցնենք հետ-ճշմարտության այսօրվա ամենացայտուն օրինակներից մեկը, որն անմիջականորեն առնչվում է «պիցցայակերության» մեղադրանքի հետ: Բանաձեւը հնչում է այսպես. «Նրանք, ովքեր քննադատում են ներկայիս կառավարությունը, երազում են, որ նախկինում երկիրը թալանած գող-ավազակները վերադառնան իշխանության»: Պնդում, որ ենթակա չէ որեւէ տրամաբանական կամ փաստական վերլուծության: Բայց հիշենք, որ բացարձակապես կարեւոր չէ, թե ինչ աղերս ունի իրականության հետ նման մեղադրանքը, կարեւոր է, որ դրան հավատում են տասնյակ հազարավոր մարդիկ:

Եթե մեկը ֆեյսբուքում գրի, որ կառավարությունն այս կամ այն հարցում սխալվում է, տակը 10-ից 100 հոգի անկեղծորեն կամ հրահանգված կկրկնեն «պիցցայի» վերաբերյալ մոգական «մանտրան»՝ իր բոլոր տարբերակներով, եւ կգործի մեծամասնության էֆեկտը: Մարդիկ սովորաբար վախենում են մնալ փոքրամասնության մեջ, եւ պետք է լինել ամբողջությամբ կայացած ու ինքնաբավ՝ այս իրավիճակում սեփական տեսակետը պնդելու համար: Չկայացածներն իրենց կարծիքն այլեւս չեն հրապարակի: Հետ-ճշմարտությունն, այդպիսով, կստանա ամբողջական եւ անվերապահ իշխանություն:

Խնդիրը, հետեւաբար, ոչ թե դեմագոգների եւ պոպուլիստների առկայությունն է, ոչ էլ այն զանգվածն է, որն ապրում է «հետ-ճշմարտության» թմբիրի մեջ: Խնդիրն, ի վերջո, ինքնաբավ, կայացած մարդկանց դեֆիցիտի մեջ է: Ինչպե՞ս անել, որ նման մարդկանց թիվը հնարավորինս մեծանա, ո՞րն է նախրային բնազդների «հակաթույնը»: Էլի ստիպված եմ կրկնել՝ գիտելիքը, կրթությունը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր