211652_close_icon
views-count1105 դիտում article-date 10:37 16-04-2021

Անսահմանափակ իշխանություն և զրո պատասխանատվություն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վարչապետի վերջին ելույթը Ազգային ժողովում եւս մի քանի անգամ ի ցույց դրեց Փաշինյանի մի շարք անձնական հատկանիշներ՝ մասնավորապես, այն, որ նրա շատ պնդումներ հիմնված են, այսպես ասենք, իր ենթադրությունների վրա, տրամաբանության տեսակետից վիճելի են եւ ամրապնդված չեն փաստական բազայով: Նաեւ՝ այն, որ ռազմական գործի մասին նրա պատկերացումներն ու գիտելիքները «10 տոկոսով պայթող Իսկանդերի» մակարդակի են: Դրան կարելի է ավելացնել, որ վարչապետի ելույթները համեմված են գեղեցիկ հռետորական հնարքներով եւ որոշակի զանգվածի համար միանգամայն համոզիչ են: Փողոցում մարդիկ, որոնք գոնե արտաքուստ ադեկվատ տպավորություն են թողնում, ինձ համոզում են, որ Փաշինյանը ոչ մի մեղք չունի, այդ դավաճան գեներալներն են Քոչարյանի հրահանգով փախել դիրքերից:

Բայց բացի անձնական եւ հասարակական խնդրից (մեր քաղաքացիների իրազեկության եւ մտավոր մակարդակից), այստեղ կա նաեւ համակարգային, ինստիտուցիոնալ խնդիր: Եվ դա ավելի կարեւոր է. ենթադրենք, կառավարությունը փոխվում է, երազենք նաեւ, որ լվացած ուղեղով մարդիկ պակասելու են, բայց եթե համակարգը մնալու է նույնը, չի կարելի որեւէ դրական ակնկալիք ունենալ: Իսկ համակարգը սկսվում է Սահմանադրությունից: Ամբողջ խնդիրն այն է, որ գործող օրենքով վարչապետն ունի անսահմանափակ իշխանություն եւ զրո պատասխանատվություն:

Տեսեք, թե ինչ է ասում Փաշինյանը: Ռազմական օպերացիաների հաջողության կամ անհաջողության համար նա ոչ մի պատասխանատվություն չի կրում, գեներալներն են որոշումներ ընդունում, նա ամենաշատը կարող է զբաղվել «մոդերացիայով»: Իսկ հետին թվով կարող է պատմել, որ ահա այս գեներալը «փախել է», իսկ այն գեներալը սխալ օպերացիա է նախագծել: Բայց նման բան ես էլ եմ կարող գրել: Ինչո՞վ է տարբերվում իմ՝ լրագրողիս պատասխանատվությունը գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունից:

Թե՞ գուցե ճիշտ են այն իրավաբանները, որոնք պնդում են, որ պատերազմի ժամանակ Փաշինյանը հրամանատարը չէր, չնայած նա իրեն բազմիցս այդպես էր անվանում: Ես հակված եմ մտածելու, որ, այնուամենայնիվ, հրամանատար է: Թե չէ՝ ինչպես է նա կարողանում աշխատանքից հանել եւ նշանակել ԳՇ պետին ու նրա տեղակալին՝ ի հեճուկս, ի դեպ, նախագահի առարկությունների:

Բայց ճիշտ նույն ձեւով վարչապետը կարող է ասել, որ ղարաբաղյան կարգավորման այս կամ այն ծրագիրն ընդունելու կամ մերժելու հարցում նա ընդամենը «մոդերացնում է» արտգործնախարարի եւ դիվանագետների աշխատանքը: Ինչպե՞ս է խորհրդարանը սխալ որոշումների դեմն առնելու, անգամ այն դեպքում, եթե մեծամասնությունը կազմված լինի ոչ թե «ուսապարկերից», այլ ինքնուրույն, մտածող մարդկանցից: Կամ ինչպե՞ս կասեցնել վարչապետի թելադրանքով նույն Ազգային ժողովի կողմից ընդունված անհեթեթ օրենքները, նույնիսկ եթե դրանք, ենթադրենք, չեն հակասում սահմանադրությանը:

Այս խնդիրների մասին արժե մտածել, որպեսզի հետագայում այս համատարած անպատասխանատվության մթնոլորտից խուսափենք»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր