211652_close_icon
views-count2928 դիտում article-date 13:13 15-04-2021

Կառավարությունն առաջարկում է աշխատանքային դարձնել հունվարի 2-5-ը և 7-ը. Մեսրոպ Առաքելյանը դեմ է

Կառավարության այսօրվա նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը:

«Պատասխանատու յուրաքանչյուր քաղաքացի, բիզնեսը չեն կարող թույլ տալ նման շռայլություն և պարտավոր ենք մեր վերաբերմունքը փոխել: Այս օրենքի ընդունմամբ մեր տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 միլիարդ դրամով, կամ 1,5 տոկոսով»,-ասաց նա և նշեց, որ ր ցանկացած հայ պետք է մտածի ամեն օր ավելի շատ տնտեսական արժեք ստեղծելու մասին:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախ առաջարկում է խուճապի չմատնվել: «Այս թեման սկսվում է քննարկվել դեկտեմբերի երկրորդ կեսին, այս թեմայով հինգ-վեց տարի քննարկումներ լինում են, հիմա մենք առաջարկում ենք այսօրվանից այս թեման քննարկենք և հասկանանք, թե այս առումով ինչ հանրային համաձայնություն կարող ենք ձևավորել: Այն նուրբ և կարևոր հարց է և ոչ միայն տնտեսական խնդիրների հետ է կապված, այլ նաև առողջապահական  խնդիրների հետ, քանի որ պետք է ուսումնասիրել, թե մարդիկ իրականում հանգստանում են, թե ձեռք են բերում նորանոր առողջապահական խնդիրներ»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ այս նախագիծը պետք  է շրջանառվի, ընթերցումներ անցնի, և մինչ այդ էլ բարձրաձայնում են թեման՝ հանրային որոշակի կարծիք գեներացնելու համար, հասկանալու համար, թե ինչ ընկալումներ կան: Նա նշեց, որ սա ոչ թե վերջնական քաղաքական որոշում է, այլ ավելի շատ առաջարկ, որն արվում է հանրությանը, բոլորին: «Մի բան պարզ է, որ այն խնդիրները, որ ունենք, այդ խնդիրների լուծման ճանապարհը աշխատանքն է, բայց ի վերջո մարդու երջանկության և բավարարվածության զգացման հետ նույնպես աշխատանքը շատ մեծ կապ ունի, մարդը պետք է աշխատի և հաճույք ստանա իր աշխատանքից»,- ասաց նա:

Վահան Քերոբյանն ասաց՝ միակ երկիրն ենք, որ նման երկար Նոր տարի ունենք, Բելառուսը,Վրաստանը մեկ-երկու օր են հանգստանում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը արձագանքեց, որ դեմ է այս տեսքով նախագծի ընդունմանը, քանի որ սա նաև Աշխատանքային օրենսգրքով հանգստի օրերի քանակը նվազեցնում է:

«Այն, որ հանգստյան օրերը գերազանցում են մի շարք երկրների, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, աշխարհի գրեթե բոլոր երկրներում դրանք փոխարինում են լրացուցիչ օրերով, եթե ոչ, աշխատանքային օրը համընկնում է շաբաթ և կիրակի օրերին»,- ասաց նա և նկատեց, որ այդ յոթ օրվա ոչ աշխատանքային օրերից երկուսը շաբաթ-կիրակի են:

«Այնպիսի տպավորություն է, որ ոչ աշխատանքային օրերին համախառն ներքին արդյունք չենք թողարկում: Հունվարի ներքին տուրիզմը մեծ բում է ապրում, իսկ այս դեպքում գրեթե վերանալու է այն»,-ասաց նա:

Վահան Քերոբյանը նշեց, որ այդքան տրիվիալ չեն իրենց հաշվարկները և վերլուծական կենտրոնը խոր  ուսումնասիրել է այս հարցերը: «Մի կողմից ճիշտ եք, բայց մյուս կողմից բազմաթիվ ռեստորաններ, խանութներ են փակ, այնպես որ, կանգնած է: Սա այն նախագծերից է, որտեղ մենք փորձել ենք մաքսիմալ թվերով հիմնավորել և կարող ենք պաշտպանել: Այսօրվա Հայաստանում մեծ պրոբլեմ է այն, որ աշխատողներն օրինական արձակուրդային օրերը չեն յուրացնում, և մենք այստեղ պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ արձակուրդային օրերը, որոնք ունեն, ամբողջությամբ հասանելի լինեն իրենց։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ շատ էական չէ՝ 87 միլիարդով, թե 48 միլիարդ դրամով է ավելանալու, բայց էական է, որ քաջալերում են աշխատանքը և կրթության և աշխատանքի միջոցով աղքատության հաղթահարումը: Ըստ նրա՝ այս դեպքում կարող է այլ ծայրահեղության գալ և ասել, թե եկեք շաբաթը վեց աշխատանքին օր դարձնենք, որ ավելի շատ համախառն ներքին արդյունք ապահովենք:

«Դուք ասացիք, որ պատրաստ եք պաշտպանել ձեր ներկայացրած թվերը, մենք էլ պատրաստ ենք պաշտպանել մեր փաստարկները, որ փաստ չէ, որ 87 միլիարդով կավելանա».-ասաց նա և նշեց, որ կարևորը ուղղություն է, քան թվաբանությունը:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց  ուսումնասիրել բոլոր շերտերը և գալ ընդհանուր եզրակացության: Այսպիսով` նախագիծը քվեարկության դրվեց, ստացվեց մեկ դեմ ձայն:

Նմանատիպ նյութեր