211652_close_icon
views-count1166 դիտում article-date 10:45 15-04-2021

Մենք սուբյեկտ չենք․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ադրբեջանի նախագահի վերջին ելույթներից Հայաստանում, բնականաբար, առանձնացվում են նախեւառաջ այն մասերը, որոնք առնչվում են մեզ՝ հայերիս: Բայց որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաեւ նրա դժգոհությունը Ռուսաստանից. Ալիեւը Կրեմլից բավականին խիստ տոնով բացատրություններ է պահանջում, թե որտեղից է հայերի մոտ հայտնվել ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրը: Այսինքն՝ որոշ աստիճանով, որոշ չափով, չանցնելով, բնականաբար, որոշակի կարմիր գծեր, Ալիեւը քաղաքական ռեսուրս ունի Ռուսաստանին հակադրվելու: Գումարած դրան, ենթադրում եմ, որ այս կեցվածքը դուր է գալիս Արեւմուտքին եւ Թուրքիային:

Հիմնական պատճառը պարզ է: Ինչպես Միջին Արեւելքում, այնպես էլ Հարավային Կովկասում երկու «տարածաշրջանային» տերությունները՝ Ռուսաստանն ու Թուրքիան, ոչ միայն համագործակցում են, այլեւ մրցում են իրար հետ: Այդ խաղում Ադրբեջանը մանեւրելու բավականին լայն հնարավորություն ունի, որովհետեւ այդ երկիրը երկուսի համար էլ թեեւ ոչ վճռորոշ, բայց կարեւոր գործոններից մեկն է: Ալիեւը, օրինակ, կարող է հեշտությամբ մերժել Պուտինի խնդրանքը՝ հայ գերիներին ազատելու մասին:

Հարց է առաջանում՝ իսկ այս բոլոր հարաբերություններում որտե՞ղ ենք մենք: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը՝ որպես սուբյեկտ, այս հարցերում ընդհանրապես գոյություն չունի: Եթե Ադրբեջանը կամ Թուրքիան Հայաստանի ինչ-որ քայլից դժգոհ են, ապա այդ երկրների ղեկավարները հարկ չեն համարում դիմել մեզ թեկուզ քննադատության, կշտամբանքի խոսքերով: Նրանք դիմում են Ռուսաստանին, որը «Հայաստան» կոչվող տարածքի հովանավորն է: Եթե մենք ենք Ադրբեջանից ինչ-որ բան ուզում, ապա դարձյալ դիմում ենք ռուսներին, որ նրանք մեզ օգնեն: Երկու դեպքում էլ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ռուսաստանը մեզ ինքնուրույն գործոն չեն համարում: Պատճառը մեր կառավարության անճարակությունն է, կրավորականությունը, հետագա քայլերի մասին որեւէ պատկերացման բացակայությունը: Ներսում՝ ձեռնասուն ԱԺ-ի ամբիոնից կարելի է սրա-նրա հասցեին հոխորտալ, միացնել «նախկինների» մասին մաշված ձայնապնակը եւ արժանանալ բուռն, հոտնկայս ծափահարությունների: (Թող փորձեն «հաղթանակած վարչապետի» խրոխտ ճառերին չծափահարեն՝ հաջորդ ընտրությունների ցուցակներում Փաշինյանը նրանց չի ընդգրկի):

Բայց այդ գավառական թատրոնը որեւէ ձեւով չի ազդում մեր արտաքին հարաբերությունների վրա: Հայաստանը, ինչպես մեկ դար առաջ, պետք է Ռուսաստանին՝ միայն Թուրքիայի հետ առեւտուր անելու համար, իսկ երկու թշնամի պետությունների մշտական նպատակն է, որ այս տարածքում չապրենք: Մնացածի համար մենք բացարձակապես հետաքրքիր չենք»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր