211652_close_icon
views-count1117 դիտում article-date 11:39 14-04-2021

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքո հնարավորինս շուտ վերսկսել երկխոսությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը ( ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) գոհունակությամբ արձանագրել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդումն ու նշել, որ հետևում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև հայտարարության կատարման ընթացքին:

Այս մասին համանախագահները հայտարարել են ապրիլի 13-ին տարածած հաղորդագրության մեջ:

«Համանախագահները ողջունում են զգալի ձեռքբերումները զոհվածների աճյունների վերադարձի հարցում  և շարունակական առաջընթացը հակամարտության հետևանքով տեղահանված անձանց վերաբնակեցման գործում, մարդասիրական աջակցության տրամադրումն ու կյանքի պատշաճ պայմանների ապահովումը, ինչպես նաև կառուցողական քննարկումը՝ ուղղված տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ:

Նրանք հիշեցրել են կողմերին, որ անհրաժեշտ են հավելյալ ջանքեր՝ մտահոգության առիթ հանդիսացող այլ հարցեր կարգավորելու և փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար՝ հանուն տևական խաղաղության:

«Դրանք ներառում են հարցեր, որոնք, մասնավորապես, առնչվում են բոլոր ռազմագերիների և մյուս ձերբակալվածների վերադարձին՝ համաձայն միջազգային հումանիտար օրենքի դրույթների, հակամարտության գոտիներում արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակմանը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացմանը, այդ թվում և միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանն ու պաշտպանությանը, ինչպես նաև հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև ուղիղ շփումների և համագործակցության խթանմանը, ժողովուրդների միջև վստահության կառուցմանը»,- նշել են համանախագահները:

Նրանք ընդգծել են, որ հատուկ ուշադրություն պետք է հատկացվի վերջնական համընդգրկուն և կայուն կարգավորման հաստատմանը՝ կողմերի համար հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա: «Այս համատեքստում համանախագահները կոչ են անում կողմերին ամենամոտ հնարավորության դեպքում վերականգնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո: Նրանք վերահաստատում են առաջարկը՝ իրենց հովանու ներքո կազմակերպելու ուղիղ երկկողմ խորհրդակցություններ, որպեսզի կողմերը վերանայեն և համաձայնության գան համատեղ կառուցվածքային օրակարգի շուրջ, որը կարտահայտի իրենց առաջնահերթությունները՝ առանց նախապայմանների»,- ասվում է հայտարարության մեջ:

Համանախագահներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության գործունեությանն ու հնարավոր ընդլայնմանը՝ կոչ անելով կողմերին ապահովել լիակատար հասանելիություն ու աջակցություն: «Համանախագահներն ընդգծում են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսել աշխատանքային այցերը տարածաշրջան՝ այդ թվում և Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ՝ գնահատման և միջնորդական դերակատարումն իրականացնելու համար»,- նշել են նրանք՝ հիշեցնելով, որ կողմերը պարտավոր են ապահովել անարգել հասանելիություն և համանախագահների տեղաշարժի առավելագույն ճկունություն՝ համաձայն մանդատի և նախկին պրակտիկայի:

Նմանատիպ նյութեր