211652_close_icon
views-count1464 դիտում article-date 16:20 11-04-2021

Արքայազն Հարրին միայնակ կմեկնի Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը. ԶԼՄ-ներ

Tert.am-ը գրում է. Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ներկա կգտնվի իր պապի՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը, իսկ նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, նրա հետ չի մեկնի Մեծ Բրիտանիա, հաղորդում CNN-ը։

ET-ն, իր հերթին, հայտնում է, որ Մարքլը, որը այժմ սպասում է իր երկրորդ երեխայի ծնունդին, «ամեն ջանք գործադրել է ամուսնու հետ Մեծ Բրիտանիա գնալու համար», սակայն չի ստացել իր բժշկի թույլտվությունը։

«Գտնելով ազատություն։ Հարին և Մեգանը․ ժամանակակից թագավորական ընտանիքը» գրքի համահեղինակ Օմիդ Սկոբին հայտնել է, որ չնայած թագավորական ընտանիքի անդամների հետ տարաձայնություններին՝ արքայազն Հարրին չի վարանել Մեծ Բրիտանիա գնալու և պապի հուղարկավորությանը մասնակցելու հարցում։

Նրա խոսքով՝ արքայազնը չափազանց մտերիմ էր իր պապի հետ և նրա մահը «մեծ հարված է նրա համար»։

Հիշեցնենք՝ ապրիլի 9-ին արքայազնի մահվան մասին թագավորական ընտանիքը հայտնել է իր թվիթերյան էջում․ «Խոր ցավով Նորին Մեծություն թագուհին տեղեկացրել է իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դուքսի մահվան մասին: Նորին թագավորական մեծությունը կյանքից խաղաղ հեռացել է այսօր առավոտյան` Ուինձորի ամրոցում»։

Արքայազնը մահացել է 99 տարեկանում։ Նա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ միապետի ամենաերկարակյաց կողակիցն է:

Զույգն ամուսնացել է 1947 թվականին, երբ թագուհին ընդհամենը 21 տարեկան էր, իսկ արքայազնը թագավորական նավատորմի սպա էր, որը սերում էր հունական և դանիական թագավորական ընտանիքներից։ Այսպիսով, Ֆիլիպ Մաունթբաթենը դարձել է Էդինբուրդի դուքս արքայազն Ֆիլիպ։

Փետրվարին արքայազնը տեղափոխվել էր Լոնդոնի կենտրոնում գտնվող «Էդուարդ VII» մասնավոր հիվանդանոց, ապա սրտի վիրահատություն էր տարել Սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցում։

Նմանատիպ նյութեր