211652_close_icon
views-count56580 դիտում article-date 12:36 11-04-2021

Նոր մանրամասներ երեկ Կիլիկիա թաղամասում հնչած կրակոցներից. վիրավորը նախկինում մի քանի անգամ եղել է դատասպարտված. Մալաթիայի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են կրակողի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Սամվել Միքայելյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ ապրիլի  10-ին,  Կիլիկիա թաղամասի Վերֆելի փողոցում հնչած կրակոցների փաստով:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության  Մալաթիայի բաժանմունքի քրեական հետախուզության բաժանմունքի ծայռայողներն ու Մալաթիայի քննչական բաժնի խումբը  պարզել են՝ վիրավորը Երևանի բնակիչ, 33-ամյա Իշխան Աբրահամյանն է:

Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մալաթիայի բաժնի քննչական բաժնի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ծառայողները տաք հետքերով պարզել են, որ Ի. Աբրահամյանի վրա կրակել է Երևանի բնակիչ, 29-ամյա երիտասարդը: Նախաքննության շահերից ելնելով՝ նրա ինքնությունը չենք հրապարակում:

Ոստիկանութունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ վիրավոր Ի. Աբրահամյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 10-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կիլիկիա թաղամասում կրակոցներ են հնչել:  

Նշված թաղամասի Վերֆելի փողոցից հրազենային վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի տղամարդ:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի տեղակալ Արթուր Զաքարյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

  Ժամանել էր նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում զննություն էին կատարում Հայաստանի  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի, բաժնի պետի տեղակալ Դավիթ Կիրակոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սամվել Միքայելյանի գլխավորությամբ:

  Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում գտնվող առևտրի սրահի մոտ հայտնաբերել էին արնանման հետքեր, ինքնաձիգից կրակված պարկուճներ, իսկ խանութի ներսում կրակված գնդակ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր