211652_close_icon
views-count1233 դիտում article-date 15:12 09-04-2021

Փաշինյանը տեսազանգ է ունեցել ՎԶԵԲ նախագահի հետ

2020թ. Հայաստանում ՎԶԵԲ ներդրումային պորտֆելի ծավալը կազմել է 160 մլն եվրո, որը տարեկան ամենամեծ փաթեթն է գործընկերության ողջ ժամանակահատվածի ընթացքում: Այս մասին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ տեսազանգի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով Օդիլ Ռենո-Բասոյին ՎԶԵԲ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ասել է. «Հայաստանը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ գործընկերությունը, որի արդյունավետության մասին են վկայում ֆինանսական շուկայի, ՓՄՁ, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում հաջող իրականացվող ծրագրերը: Ցանկանում եմ ընդգծել ՀՀ կառավարության եւ ՎԶԵԲ-ի միջեւ շարունակական երկխոսության կարեւորությունը՝ մեր երկրում կառուցվածքային բարեփոխումներին աջակցելու, ներդրումային միջավայրը բարելավելու եւ մրցունակ դարձնելու համատեքստում»:

Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ 2020թ. Հայաստանում ՎԶԵԲ ներդրումային պորտֆելի ծավալը կազմել է 160 մլն եվրո, որը տարեկան ամենամեծ փաթեթն է գործընկերության ողջ ժամանակահատվածի ընթացքում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի եւ պատերազմի հետեւանքով առաջացած մարտահրավերներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ ներկայացրել դրանց հաղթահարման ուղղությամբ կառավարության գործողությունները: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը որեւէ ջանք չի խնայում՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Արցախում հումանիտար խնդիրները լուծելու ուղղությամբ, բայց եւ պակաս կարեւոր չէ միջազգային հանրության, ֆինանսական կառույցների արձագանքը հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում կառավարության ղեկավարը ՎԶԵԲ նախագահի ուշադրությունը հրավիրել է օժանդակության հնարավորությունների վրա:

ՎԶԵԲ նախագահը նշել է, որ բանկը կարեւորում է Հայաստանի հետ հուսալի գործընկերությունը եւ հետաքրքրված է ենթակառուցվածքների, էներգետիկայի, մասնավոր հատվածի եւ ֆինանսական հաստատությունների զարգացմանն ուղղված համագործակցության խորացմամբ, նոր ծրագրերի ֆինանսավորմամբ: Օդիլ Ռենո-Բասոն արդյունավետ է համարել ՀՀ ֆինանսների նախարարության հետ  աշխատանքը, որն ամուր հիմք է երկրի հետ գործընկերության ընդլայնման եւ համատեղ նախաձեռնությունները հաջող կյանքի կոչելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընթացիկ օրակարգի, ինչպես նաեւ հետագա ծրագրերի շուրջ:  Երկուստեք կարեւորվել է մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման ուղղությամբ համագործակցությունը: ՎԶԵԲ նախագահը կարեւորել է կանանց տնտեսական ակտիվության խթանմանը միտված նախաձեռնությունները: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը խրախուսում է կանանց ակտիվ ներգրավվածությունը տարբեր, այդ թվում՝ ՓՄՁ ոլորտում, ինչը աղքատության հաղթահարման եւ տնտեսական բարեկեցության կարեւոր գործիքներից է:

Արծարծվել են նաեւ ենթակառուցվածքային ծրագրերին, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ նշելով, որ կոմունիկացիոն ենթակառուցվածքների վերաբացումը հեռանկարային կարող է լինել համատեղ ծրագրերի համար:

Վարչապետը վերահաստատել է ՀՀ աջակցությունը ՎԶԵԲ-ի 5-ամյա ռազմավարությանը, որի առաջնահերթությունները համահունչ են ՀՀ կառավարության գերակայություններին, եւ  հավելել, որ մեր երկիրն ուրախ կլինի հյուրընկալել ՎԶԵԲ 2024թ. տարեկան հավաքը, որի վերաբերյալ որոշումն արդեն կայացված է:

Նմանատիպ նյութեր