211652_close_icon
views-count7851 դիտում article-date 16:20 05-04-2021

Հադրութցի 14-ամյա Ժասմինը միակ երեխան է, ով 3 գրքի հեղինակ է դարձել. hayreniq.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Hayreniq.am-ը գրում է. «Ժասմինը ծնունդով, հոգով, մտքով Արցախի Հադրութ քաղաքից է։

Այնտեղ են մնացել  նրա հայրական տունը,  տատիկ-պապիկի գերեզմանները, այնտեղ է մնացել նրա մանկության այգին, խաղալիքներն ու հիշողությունները։

«Երբ իմացա, որ Հադրութն այլևս թշնամունն է՝ այդ պահին իմ մանկությունն ավարտվեց»,- մեզ հետ զրույցում ասաց 14 ամյա գրողը։

Ժասմին Հայրապետյանն այսօր Հայաստանում միակ երեխան է, ով  14 տարեկանում արդեն 3 գրքերի հեղինակ է։ Նրա «Սուպեր Նռանե» ֆանտաստիկ վիպակը, որն , ի դեպ, սկսել է գրել 11 տարեկանում,  դարձել է բեսթսելեր։ Հազարավոր երեխաներ , ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ձեռք են բերել ու շարունակում են ամենօրյա ռեժիմով ձեռք բերել այդ գիրքը։  Երևան քաղաքի և շրջանների տասնյակ դպրոցներում  ու գրադարաններում «Սուպեր Նռանե» գրքի քննարկումներ և հեղինակի հետ հանդիպումներ են կազմակերպվել, գրքի արևմտահայերեն տարբերակի  շնորհանդեսը տեղի է ունեցել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում,  այս պահին գիրքը թարգմանվում է նաև ռուսերեն լեզվով։

«Նռանեն ինձ համար հայ աղջկա, հայ կնոջ հավաքական կերպարն է՝ հայրենասեր, ինքնավստահ, երազող, նպատակասլաց, սիրող, ներող ու քաջ։ Ես այդպիսինն եմ տեսնում այն հայ աղջկան, ով  տղամարդու հետ թիկունք –թիկունքի տված  փրկում է մեր երկիրը»,-ասում է Ժասմինը։

Մի քանի օր առաջ լույս է տեսել Հայ-սուպերհերոսուհու մասին այս սիրված պատմության արդեն երրորդ մասը։ Եվ իհարկե, պատահականություն չէ, որ այս անգամ պատմության հիմքում  Արցախում ու Հայաստանում տիրող իրավիճակն է։  Այս անգամ էլ «Մութ ու չար ուժերը»  մեծ ու հզոր հարձակում են գործել «Բարու և լույսի» աշխարհի վրա։  Նրանք իրենց ճանապարհին չեն խնայում ոչ ոքի ու ոչինչ․ ավիրում են  քաղաքներն ու գյուղերը, սպանում  ու գերևարում են մարդկանց։

Նռանեն ու Գոդը կրկին պայքարի մեջ են, սակայն այս անգամ պայքարը շատ ավելի դաժան է, որովհետև «Բարու և լույսի աշխարհը» ներսից ճաք է տվել ․  Պարզվում է, որ  մարդիկ կորցրել են, մոռացել են հինգ կարևոր արժեքների մասին, որի պատճառով էլ թուլացել է բարության աշխարհի էներգետիկ դաշտն ու  ներսում դավաճաններ են հայտնվել։

Նռանեն ու Գոդը պետք  է կարողանան գտնել այդ կարևոր  հինգ արժեքները և վերադարձնեն դրանք մարդկանց, ու միայն ա՛յդ ժամանակ բարության աշխարհի էներգետիկ դաշտը կկարգավորվի, և  բարին կրկին կհաղթի չարին»։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր