211652_close_icon
views-count9163 դիտում article-date 19:38 28-02-2021

Այսօր հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

Այսօր հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան 141-րդ տարելիցն է:

Սարյանը ծնվել է 1880թ. փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում: 

Սարյանի նախնիները եղել են անեցի, որ գաղթել են Ղրիմ, մասնակցել տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը։ Նրանց շառավիղները Ղրիմից տեղափոխվել և մասնակցել են Նոր Նախիջևանի հայկական գաղութի ստեղծմանը։ 1895-ին Սարյանը ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան (հայերեն, ռուսերեն) ուսումնարանը։ Հ. Արծաթպանյանի ղեկավարությամբ մասնագիտական նախնական գիտելիքներ ստանալուց հետո, 1897–1904-ին սովորել է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում։ 1901-ին, առաջին անգամ, մեկնել է Կովկաս, եղել Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902-ին՝ Անիում։ ճամփորդության ընթացքում, ինչպես և հետագա տարիներին, հափշտակությամբ ուսումնասիրել է իր ժողովրդի պատմությունը, նիստուկացը, մշակույթը, ճարտարապետության, քանդակագործության, որմնանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի հուշարձանները, որը վճռական ազդեցություն է ունեցել Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորման ու զարգացման վրա։ 1903-ին ավարտել է ուսումնարանի հիմնական դասընթացը և մոտ երկու տարի կատարելագործվել նույն հաստատությանը կից Վ. Ա. Սերովի և Կ. Ա. Կորովինի «Դիմանկարի արվեստանոցում»։ Ուսումնառության տարիներին մոտիկից շփվել է ռուս մտավորականության լավագույն ներկայացուցիչներից շատերի հետ, ինչը զգալի նշանակության է ունեցել նրա՝ առաջադեմ մտավորականի և քաղաքացի արվեստագետի դիրքորոշման մեջ։ Սարյանը ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պաննոներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր։ Նրա համար չեն եղել կարևոր ու Երկրորդական ժանրեր։ Գեղարվեստական որակը նկարչի համար դարձել է հիմնանպատակ։

Նրա 1896–1903-ի երկերում («Մոր դիմանկարը», 1898, «Կովեր», 1899, «Ուստիան Սարյանի դիմանկարը», 1900, «Ինքնադիմանկար», «Մաքրավանք», երկուսն էլ՝ 1902, «Սոֆյա Միանսարյան», 1903) տրված է օբյեկտների ռեալիստական, «քանդակային» կառուցվածքը։ Կոլորիտը աքրոմատիկ է ու «թանգարանային»։ Գերակշռող մոխրաշագանակագույնը կատարում է լույսի ու ստվերի աստիճանավորումն իրացնող դեր։ Ձևը սահմանափակվում է իրականի արտաքին-ֆիզիկական հավաստիությունը վերարտադրելով։

Ստեղծագործության առաջին շրջանում (1904—09) Սարյանը հրաժարվել է ավանդական մտածելակերպից՝ ստեղծելով մի նոր ու նորարարական արվեստ, որը ժամանակի առաջադեմ մտավորականությունն ընդունել ու կոչել է «սարյանական»։ Այդ տարիներին նա ծանոթացել է ֆրանսիական նորագույն շրջանի գեղանկարչությանը (ըստ Ի. Ս. Շչուկինի հարուստ հավաքածուի և «Զոլոտոյե ռունո» ամսագրի ցուցահանդեսների), առավել ևս համոզվել իր ստեղծագործական որոնումների ճշմարտացիության մեջ։ 1907-ին մասնակցել է «Գոլուբայա ռոզա» և այլ ցուցահանդեսների՝ ներկայացնելով «Հեքիաթներ ու երազներ» ֆանտաստիկ պատկերների մեծ շարքը («Լուսնկա գիշեր», 1904, «Հեքիաթ։ Արարատի ստորոտում», 1904, «Ծաղկած սարեր», 1905, «Փերիների լիճը», 1905, «Լուսնի կախարդանքը», 1906, «Համբույր», 1906, «Հովազներ», 1907, «Գիսաստղ», 1907, «Հովազը և կանայք», 1908, «Տապ։ Վազող շուն», 1909)։ «Հեքիաթներ ու երազներ»–ում Սարյանը մերժել է ավանդական, «թանգարանային» մութկեկ կոլորիտը։ Սակայն նրան խորթ էր նաև գունալուսային անցողիկ տպավորությունների, առարկաների արտաքինի վրա թրթռացող ելևէջների իմպրեսիոնիստական ֆիքսումը։ Նա ստեղծագործել է գունընկալման առօրյա փորձի տվյալների անմիջական վերարտացոլումը բացասելով։ Պատկերվող բոլոր առարկաներն ու արարածները մեկնաբանել է որպես լիովին պայմանական, գունալուսաճառագման ներքին զորությամբ օժտված ոգի էակներ։ Սարյանի մոտիվները բնույթով պատմողական չեն։ Դրանք ծառերով, գազելներով, սարերով, մարդկանց ու այլազան կենդանիների կերպարանքներով կազմակերպված ֆանտաստիկ իրադրություններ են, որ բացառում են ավանդական «գրական» սյուժեն։ «Հեքիաթներ ու Երազներ»–ում միահյուսվել են մանկական անմիջականությունը և իմաստունի խոհը։ Էությամբ յուրովի պանթեիստական շարքը դիտողին ներշնչում է կյանքի առօրյայից բարձրանալու և մայր բնության, տիեզերքի անսահմանության մեջ հավերժանալու բերկրալից ձգտումը։

Արդեն ինքնուրույն դիմագիծ ու ոճ ունեցող արվեստագետը հաճախ է ճանապարհորդել. 1910-ին եղել է Կոստանդնուպոլսում, 1911-ին՝ Եգիպտոսում, 1913-ին՝ Պարսկաստանում։ Վերադառնալով ուղևորություններից՝ Սարյանը ակտիվորեն մասնակցել է «Միր իսկաստվա», «Գոլուբայա ռոզա» և այլ ընկերությունների ցուցահանդեսներին։ «Գլիցինիաներ», «Մրգեղենի կրպակ», «Փողոց Կոստանդնուպոլսում» (երեքն էլ՝ 1910) նկարները առաջին անգամ գնել է Տրետյակովյան պատկերասրահը։

Սարյանի ստեղծագործության երկրորդ շրջանի (1910-ական թթ.) երկերը («Կ. Պոլիս։ Փողոց։ Կեսօր», 1910, «Ի. Ս. Շչուկինի դիմանկարը», 1910, «Փյունիկյան արմավենի, 1911, «Եգիպտական գիշեր», 1911, «Բանաններ», 1911, «Գ. Լևոնյան», 1912, «Պարսկական նատյուրմորտ», 1913, «Քաղաքիկի ծաղիկները», 1914, «Ա. Ծատուրյան», 1915, «Ծաղիկներ», 1916, «Դաշտային ծաղիկներ», 1918) ի տարբերություն «Հեքիաթներ ու երազներ»–ի՝ թեմատիկայով ֆանտաստիկ չեն։ Դրանք մոտիվներով արդեն կոնկրետ-իրական են։ Բայց կերպավորման ընդհանուր-էսթետիկական մի քանի սկզբունքներով դարձյալ, ճիշտ է յուրովի, զարգացնում են նախորդ շրջանի գործերի տեսիլքային կողմնորոշումը։ Լինեն ծաղիկներ թե մրգեր, մարդիկ թե կենդանիներ, բնապատկերներ թե կենցաղի առարկաներ՝ նկարչի 1910-ական թթ. կտավներում ստացել են ընդհանրացված բնութագրություն, վերածվել հավաքական, մոնումենտալ-էպիկական կերպարների։ Ընդգրկված կոնկրետ նյութի եզակիորեն հատկանշական գծերը բացահայտելով ու դրանք երևակայաբար վերամիավորելով, Սարյանը ստեղծել է էությամբ մտահայեցողական տեսիլքներ, որոնք նշանաբանում են բնությունը հավիտենական շարժման մեջ պահող համատիեզերական կենսաուժի գոյության նկարչի պանթեիստական հավատամքը, անմահության, երջանկության և ազատության գաղափարները։ 1910-ական թթ. նրա գործերը, հագեցած ու հնչեղ, հակադիր ու համագիր գույների, սինթետիկ գծերի, լուսաստվերների և հարթությունների այդ զմայլելի աշխարհները, արտահայտում են կյանքի հավերժության խորհրդավոր ներզգայումը։ Այդ գործերում Սարյանը համաձուլել Է Պ. Գոգենի դեկորատիվ գունամտածողությունը, եռաչափ ծավալաձևի սեզանյան ըմբռնումը, Վ. Վան Գոգի շեշտված գունագծային տեսակետը և հայ միջնադարյան մանրանկարչության, որմնանկարչության, ճարտարապետության մի շարք սկզբունքները՝ ստանալով մի նոր, բացարձակապես սարյանական արժեք ու որակ։ Եվ դա նրան լիակատար հնարավորություն է տվել վճռելու երանգների ենթակարգության, «գրաֆիկական» գծի ու համասեռ մակերեսների, տարանջատված լույսի ու ստվերի փոխհարաբերման, առարկայի ու տարածության կոնստրուկտիվ-երկրաչափական կառուցման, կոմպոզիցիայի բաղադրամասերի միջև դինամիկ ու ստատիկ հավասարակշռության ստեղծման, Արևելքի ու Եվրոպայի գեղարվեստական մտածելակերպի լծորդման բարդ պրոբլեմները, կարևորագույն պրոբլեմներ, որոնք զբաղեցրել են Սարյանի սերնդի ու Սարյանի մասշտաբի բոլոր մեծություններին (Մ. Շագալ, Պ. Պիկասսո, Ա. Մատիս, Ժ. Բրաք, Ժ. Ռուո, Վ. Կանդինսկի), և որոնցով էլ պայմանավորվել է XX դ. նորարարական գեղանկարչական ըմբռնումների զարգացումը։

1915-ին, Մեծ եղեռնի օրերին Սարյանը աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում»։ Մեկնել է Էջմիածին՝ թուրքական սրից հալածական հայ գաղթականներին տեղում օգնություն ցույց տալու համար։ Հ. Թումանյանի, Գ. Հովսեփյանի և հայ այլ մտավորականների հետ, մոլեգնող համաճարակի պայմաններում, բոլոր ջանքերը գործադրել է Արևելյան Հայաստանում ապաստանած արևմտահայերի վերջին մնացորդներին մահվան ճիրաններից փրկելու համար։ Անքուն գիշերների հետևանքով և տեսածի ծանր տպավորության տակ հոգեկան ցնցում է ստացել։ Հ. Թումանյանի հանձնարարությամբ Սարյանին տեղափոխել են Թիֆլիս՝ հիվանդանոց։ 1916-ին, Վ. Սուրենյանցի, Փ. Թերլեմեզյանի, Ե. Թադևոսյանի և այլոց հետ մասնակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, Վ. Սարենյանցի հետ ձևավորել Վ. Բրյասովի «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիան, 1919-ին Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան։

Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Սարյանը 1921-ին ընտանիքով տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Երևանում։ Սկսվել է նրա բեղմնավոր կյանքի՝ նոր՝ երրորդ (1920—72) շրջանը։ Աշխարհի տարբեր վայրերից հայրենիք վերադարձած գիտնականների, արվեստագետների, գրողների հետ լծվել է նորագույն ժամանակի հայ մշակույթի և մշակութային մի շարք օջախների ստեղծմանը։ 1921-ին նշանակվել է նոր կազմակերպվող Հայաստանի պետական թանգարանի վարիչ։ Իր նպաստն է բերել Հայաստանի հնությունների ու գեղարվեստի պահպանման կոմիտեի (նախագահ), Հայաստանի կերպարվեստի աշխատողների միության, Երևանի գեղարվեստական ուսումնարանի կազմակերպմանը։ 1921-ին Հ. Կոջոյանի հետ ստեղծել է խորհրդային Հայաստանի գերբը, ընտրվել Հայաստանի կերպարվեստի աշխատողների միության առաջին նախագահ։ 1924-ին մասնակցել է Վենետիկի Բիենալեի XIV ցուցահանդեսին։ 1928-ին Փարիզում «Ժիրար» սրահում բացվել է Սարյանի անհատական ցուցահանդեսը։ Այդ ցուցահանդեսը հայրենիք տեղափոխող «Ֆրիժի» նավի վրա հրդեհ է առաջացել, այրվել է նկարների մեծ մասը։ 1937-ին Փարիզում բացված համաշխարհային ցուցահանդեսի ՍՍՀՄ-ի տաղավարի դեկորատիվ պաննոյի համար ստացել է Մեծ մրցանակ (Grand prix)։ 1923-ից ստեղծել է հայրենասիրական ոգով տոգորված պաննոներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ («Հայաստան», «Լեռներ։ Հայաստան», «Եղիշե Չարենցի դիմանկարը», «Արևոտ բնանկար», չորսն էլ՝ 1923, «Աշնանային մառախլապատ օր», 1928, «Զանգվի ափը», 1930, «Ծաղիկներ», 1945, նկարիչ Ս. Աղաջանյանի, 1930, Թ. Թորամանյանի, 1934, Ս.Մալխասյանի, 1943, դիմանկարները, «Երանոսի լեռները», 1951, «Բակի անկյուն», 1953)։ Այս շրջանում արմատապես կերպարանափոխվել են Սարյանի պոետիկայի ու տեխնիկայի մի քանի սկզբունքներ։ Իրականության հետ խիստ միջնորդավորված այն հարաբերությունը, որ բնորոշ էր նրա նախորդ շրջանի երկերին, այժմ դարձել է անհամեմատ ավելի անմիջական։ Ֆանտաստիկան ու կյանքի իդեալական-երկրաչափական մոդելավորումը տեղի են տվել շոշափելի առարկայական և առօրյա-բնական պատկերացումներին։ Իր ակնթարթային արագությամբ արած պատկերներում Սարյանը նորովի հետազոտել է Հայաստանը՝ աշխատելով որքան կարելի է մոտ ու հարազատ լինել նրան, նրա ներքին ու արտաքին բազմակերպ դրսևորումներին։ Քառասունից ավելի տարիների ընթացքում ստեղծած բազմաքանակ երկերում անմիջապես կարելի է տարբերակել Արարատյան հովտի, Սևանի ավազանի, Արագածի փեշերի, Լոռվա, Զանգեզուրի և այլ վայրերի բնապատկերները։ Մոտիվի կոնկրետությունը առկա է այն աստիճան, որ թվում է թե գործ ունես «նկարիչ-երկրաբանի», «նկարիչ-աշխարհագրագետի», «նկարիչ-բուսաբանի» հետ։ Սարյանի ստեղծագործություններում բնականության այդ միտումն ունի որոշակի պատմաբարոյական ատաղձ. արվեստագետը նպատակ է ունեցել Հայաստանը ցույց տալ «իր շոշափելի գոյությամբ» (Սարյան)։ 1961-ին «Իմ հայրենիքը» (1952—58) նկարաշարի համար նա արժանացել է լենինյան մրցանակի։

Սարյանը խոշոր ներդրում է կատարել XX դ. հայկական գրքարվեստի և բեմանկարչության ասպարեզներում։ Շատ չեն Սարյանի գրքային ձևավորումները, սակայն դրանք ունեն նույն որակը, ինչ նկարչի մյուս ժանրերի երկերը։ Դրանց ձևաբանական, տեխնիկական հնարքները ևս ճկուն ու բազմազան են։ Չնայած իր նկարազարդումներում խստորեն հետևել է գրական երկի սյուժետային գործողությանը, մոտիվներին ու բովանդակությանը, դրանք ունեն նաև ինքնուրույն կերպարվեստային արժեք (Ա. Իսահակյանի «Բանաստեղծություններ»–ի (1929), Հ. Թումանյանի «Հեքիաթներ»–ի (1930), «Հայկական հեքիաթներ»–ի (1930), Ե. Չարենցի «Երկիր Նաիրի»–ի (1933), Ֆիրդուսու «Ռուստամ և Սոհրաբ»–ի (1934) նկարազարդումները և այլն։ Սարյանի բեմանկարչական երկերը արվեստի իսկական գլուխգործոցներ են։ 1923-ին ստեղծել է Հայաստանի Առաջին պետթատրոնի վարագույրը, որով խորհրդանշել է հայ ժողովրդի   կենսունակությունը։ Սարյանի բեմանկարչական գործերը նույնպես բնորոշվում են մոնումենտալությամբ, ներթափանցված են էպիկական հզոր շնչով, ճարտարապետորեն կառուցիկ են և ունեն խորապես ազգային նկարագիր։ Նա հոգեհարազատ է մնացել բեմադրվող երկի ոգուն և դարձել բեմադրող ռեժիսորի համահեղինակ։ Ձևավորել է Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» (1930, Օդեսայի օպերայի և բալետի թատրոն, 1933, Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, 1939-ին՝ Մոսկվայում Հայ արվեստի և գրականության առաջին տասնօրյակի առթիվ, ՍՍՀՄ պետական մրցանակ, 1941), Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքլորիկ» (1932, Մոսկվայի Ստանիսլավսկու անվան օպերային թատրոն, 2-րդ արար), Հ. Ստեփանյանի «Քաջ Նազար» (1935, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն), Է. Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (1956, Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոն), Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1956, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, IV. Եսայանի և Ա. Միրզոյանի մասնակցությամբ) բեմադրությունները:

Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Արդիականությամբ տոգորված նրա արվեստը հայ բազմադարյան մշակույթի (կերպարվեստ, ճարտարապետություն, դեկորատիվ-կիրսաական արվեստ) հատկանշական գծերը կամրջել է նորօրյա խնդիրներին՝ ստեղծելով ձևով ու բովանդակությամբ նոր, հումանիստական, «սարյանական» արվեստ, ուր գույնի, գծի, կոմպոզիցիայի, գեղանկարչական ժանրերի սահմաններն ընդլայնվել են ամբողջ լայնքով ու խորքով։

1967-ին Երևանում բացվել է Սարյանի տուն-թանգարանը, ուր գտնվում է նրա ստեղծագործական ժառանգության մի զգալի մասը։ Սարյանի գործերը կենտրոնացված են Հայաստանի պետական պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, ինչպես և Տրետյակովյան պատկերասրահում, ՍՍՀՄ տարբեր թանգարաններում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։

Սարյանը 1901-ից մասնակցել է ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1907, 1956, 1961, 1964), Լենինգրադում (1956), Թբիլիսիում (1955, 1970), Փարիզում (1928, 1980, ետմահու), Երևանում (1936, 1955, 1961, 1964, 1970) և այլ քաղաքներում։ ՍՍՀՄ II–IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՀՍՍՀ պետական մրցանակ (1965)։ Պարգևատրվել է Լենինի 3 և երկու այլ շքանշաններով։

ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960)։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947)։ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965)։ ՀՍՍՀ նկարիչների միության նախագահ (1945—51)։

Մահացել է 1972թ. մայիսի 5-ին՝ Երևանում:

Նմանատիպ նյութեր