211652_close_icon
views-count45088 դիտում article-date 18:12 28-02-2021

Ծնունդդ շնորհավո՜ր, լեգենդ դարձած գյումրեցի զինվոր. սիրելի Կարեն, 24-ամյակդ դու հիմա նշում ես երկնքում՝ քո նման բազմաթիվ առյուծ ու արծիվ զինվորների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 28-ին, Գյումրի քաղաքի «Շիրակ» զինվորական պանթեոնում խնկարկման օր էր:
 
Այնտեղ էին հավաքվել արցախյան վերջին պատերազմում արիաբար զոհված գյումրեցի 24-ամյա Կարեն Սարգսյանի հարազատները, ընկերները, մտերիմներն ու զինակիցները:
 
Այսօր Կարենը կդառնար 24 տարեկան և ամեն տարվա այս օրը նա իր ծննդյան օրը նշում էր հարազատների, ընկերների հետ:
 
Հերոսի շիրիմին խնկարկելուց առաջ հոգևոր հայրը տերունական աղոթք ընթերցեց:
 
Զինվորական պանթեոնում հավաքվածները նշում էին. «Այսօր մեր սիրելի զինվորի, մեզ համար լեգենդ դարձած հերոսի ծննդյան օրն է: Ինչքան էլ ցավ կա մեր մեջ, բայց միևնույն է, նաև հպարտություն ենք ապրում:
 
Ճիշտ է, նա ֆիզիկապես մեր հետ չէ, բայց հոգեպես նա ամեն քայլափոխի մեր հետ է: Վստահ ենք, որ հիմա երկնքում նա իր ծննդյան օրը նշում է իր կողքին հուղարկավորված այս բազմաթիվ առյուծածին, լեգենդ դարձած հերոսների հետ: Հերոսներ, որոնց մենք երբեք բացակա չենք դնի: Հերոսներ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին Հայաստանի ու Արցախի սահմանները անառիկ պահելու համար: Հերոսներ, ովքեր լավ է, չտեսան, թե ինչպես դավադիր ու նենգ հայի ձեռքով հանձնվեց Արցախի 80 տոկոսը, այն Արցախի, որը 90-ականներին ազատագրել էին նրանց հայրերն ու պապերը, 2016-ի ապրիլյանին պահեցին նրանց ավագ եղբայրները, իսկ վերջին արցախյան պատերազմի ժամանակ՝ իրենք:
 
Փա՜ռք քեզ, մեր սիրելի հերոս Կարեն: Ինչպես կասեր սիրված բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը.
 
Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
Տղերքն ավելի բարձրում մնացին:

Ինչպես ավելի վաղը գրել էր SHAMSHYAN.com-ը, Գյումրի քաղաք բնակիչ, 23-ամյա Կարեն Խաչիկի Սարգսյանը որպես ժամկետային զինծառայող դեռ 2016 թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ապացուցեց, որ իր համար հայրենիքը սկսվում է առաջնագծից և քառօրյա պատերազմի ողջ ընթացքում եղել է հակատանկային դասակի ՖԱԳՈՏ հաշվարկի հրամանատար, ստացել ավագ սերժանտ զինվորական կոչում։

Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, Կարենը հավատարիմ իր սկզբունքներին, հոկտեմբերի 2-ից մեկնեց Արցախ:

Իր զինակից ընկերների հետ առաջնագծում էր, այդ թվում՝ Մեխակավանում (Ջաբրայիլ), Աղդամում, Ֆիզուլիում, Մատաղիսում և Մարտունիում:

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը հերթական ռազմական գործողությունների ժամանակ Կարենը նահատակվում է Մարտունու պաշպանության համար մղվող թեժ մարտերում:

Թե՛ սպաները, թե՛ զինվորները, թե՛ կամավորականները ու աշխարհազորայինները զարմացել էին բազմաթիվ ժամկետային զինծառայողների՝ կռվում ցուցաբերած խիզախության վրա ու նրանք ականատես էին եղել թե՛ Կ. Սարգսյանի, և թե՛ մյուս առյուծ ու արծիվ հերոս տղաների սխրագործություններին, ովքեր արժանի հակահարված էին տալիս թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչներին:

Քեզ բացակա չենք դնի: Դու քո հերոսական անցյալով միացար մեր պայքարի համար նահատակված բազմաթիվ հայորդիներին, այդ թվում՝ Մոնթեին, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Թաթուլ Կրպեյանին...

SHAMSHYAN.com-ի ներկայացրել էր հերոսի լուսանկարները՝ արված 2016 թ.-ին:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 172+
172+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր