Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկության դեմ հանցագործությունների մի ամբողջ շարքի․ միջազգային հանրությանը կոչ ենք անում պարտադրել Ադրբեջանին հրաժարվել հանցավոր քաղաքականությունից․ Արցախի ԱԳՆ

Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկության դեմ հանցագործությունների մի ամբողջ շարքի․ միջազգային հանրությանը կոչ ենք անում պարտադրել Ադրբեջանին հրաժարվել հանցավոր քաղաքականությունից․ Արցախի ԱԳՆ Արցախի Հանրապետության ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Սումգայիթում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր ժողովրդի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ սումգայիթյան ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Ծրագրված զանգվածային ջարդերի արդյունքում 1988 թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի մայրաքաղաքին անմիջապես մոտիկ գտնվող Սումգայիթ քաղաքում տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները խեղվեցին, տասնյակ հազարները արտաքսվեցին: Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր թողտվությամբ և իրավապահ մարմինների լիակատար անգործության պայմաններում բազմահազարանոց քաղաքը երեք օր շարունակ տրվեց զինված ջարդարարներին, որոնք անպատիժ և հատուկ դաժանությամբ սպանում էին ազգությամբ հայ քաղաքացիներին:

Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի, որոնք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում իրագործվում էին հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի պետական քաղաքականության շրջանակներում: ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1988-1991 թթ., ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանությունը, էթնիկ զտումները և զանգվածային սպանությունները փոխարինվեցին 1991-1994, 2016 և 2020 թվականներին Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ զինված ագրեսիաների ընթացքում կատարված պատերազմական հանցագործություններով:    

1988 թվականից ի վեր Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության արդյունքում հազարավոր հայեր սպանվել են, տասնյակ հազարները՝ հաշմանդամ դարձել, հարյուր հազարները՝ բռնի տեղահանվել և հայրենազրկվել:
 
Անպատժելիությունը և միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի բացակայությունը հանգեցնում էին ագրեսիայի ուժեղացմանը և Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրագործվող հանցագործությունների ծավալների ընդլայնմանը: Ադբեջանի իշխանությունների կողմից իրենց հասարակությունում ձևավորվող մարդատյաց մթնոլորտը ստեղծել է մի իրավիճակ, որում ռազմական հանցագործությունները, այդ թվում՝ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ծաղրելը, տանջելը և սպանելը Ադրբեջանում ընկալվում են որպես նորմալ և ընդօրինակման արժանի արարք: 2020 թ. աշնանը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում անազատության մեջ հայտնված ռազմագերիներին և պատանդ պահվող քաղաքացիական անձանց վերադարձնելուց Ադրբեջանի հրաժարումը անպատժելիության և ամենաթողության հարուցած հանցավոր քաղաքականության վառ օրինակ է:
 
Խոնարհվում ենք Ադրբեջանի զանգվածային հանցագործությունների և մարդատյաց քաղաքանության անմեղ զոհերի հիշատակի առաջ և կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ պարտադրելու Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել հանցավոր քաղաքականությունից և նախապայմաններ ստեղծել տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման համար»:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք