211652_close_icon
views-count1827 դիտում article-date 10:32 28-02-2021

Վարչապետը որևէ պետականամետ քայլ չի կատարում ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար և երկիրը տանում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետևանքներով․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Նիկոլ Փաշինյանը որևէ պատասխանատու, պետականամետ քայլ չի կատարում ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար և այդպիսով երկիրը նպատակային ձևով տանում անորոշության, ցնցումների։  Գրառումը՝ ստորև․

«Ամփոփենք երեկ տեղի ունեցածը։

Այսպիսով, Հանրապետության նախագահը վերադարձրեց վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ` հայտարարության մեջ նշելով, որ վարչապետի միջնորդությունն (հրամանագրի նախագիծը) առերեւույթ հակասում է Սահմանադրությանը:

Վարչապետը, չգնալով որեւէ զիջման, հայտարարեց, որ փաստաթուղթը վերադարձնում է նախագահին եւ հույս ունի, որ այս անգամ նախագահն այն կստորագրի։

Եվ քանի որ Հանրապետության նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ տեսնում է խնդիր` կապված Սահմանադրության հետ, ապա ակնհայտ է, որ նա կօգտագործի Սահմանադրական դատարան դիմելու իր լիազորությունը, որի համար ունի եռօրյա ժամկետ։

Սահմանադրական դարատանը գործը պետք է քննի նախագահի դիմումն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում։

Ստացվում է, որ երկիրը եւս տասներեք օր մնում է անորոշ պատային վիճակի մեջ, որտեղ գլխավոր դերակատարը` վարչապետը, որեւէ լայնախոհ, պատասխանատու և պետականամետ քայլ չի կատարում առանց այն էլ պրկված մթնոլորտը լիցքաթափելու եւ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար։

Երկիրը նպատակային տարվում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետեւանքներով»։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր