Խորությամբ զգում եմ ձեր ցավը և պատրաստ եմ աջակցել ձեզ. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է անհետ կորածների ընտանիքների անդամների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը: Անհետ կորածների հարազատները նրանց հետ հանդիպելու ցանկություն էին հայտնել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ օրեր առաջ կայացած հանդիպմանը:
Առողջապահության նախարարը, Մարդու իրավունքների պաշտպանը և ՊՆ ներկայացուցիչը ներկայացրել են անհետ կորածների որոնման ուղղությամբ կատարվող աշխատանքները, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին: Նախագահ Սարգսյանը նրանց առաջարկել է պարբերաբար անհետ կորածների հարազատներին տեղեկացնել կատարվող աշխատանքների ու իրավիճակի մասին: «Ես խորությամբ զգում եմ ձեր ցավը և պատրաստ եմ ամեն ինչով, իմ հնարավորությունների սահմաններում աջակցել»,-ասել է նախագահը՝ առաջարկելով, որ նրանք կապի մեջ լինեն նաև նախագահական ինստիտուտի հետ:
Հանրապետության նախագահը պատասխանել է նաև անհետ կորածների հարազատների հարցերին, լսել նրանց մտահոգությունները, տեսակետներն ու առաջարկությունները: