Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը քննարկել են գերիների վերադարձի, սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքներին առնչվող հարցեր

Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը քննարկել են գերիների վերադարձի, սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքներին առնչվող հարցեր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը:

Մարդու իրավունքների պաշտպանը նախագահին տեղեկացրել է վերջին ամիսներին ՄԻՊ աշխատակազմի կողմից կատարված աշխատանքների մասին: Նա մասնավորապես ներկայացրել է Հանրապետության սահմանամերձ մարզեր պաշտպանի և պաշտպանի գրասենյակի աշխատակիցների պարբերական այցերի ընթացքում արձանագրված խնդիրները՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանության մարմինների կողմից շարունակաբար և հետևողականորեն իրականացվում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների` միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող ծրագրված գործողություններ:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանների հետ կապված գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումները՝ հայտնելով, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվող գործընթացի վերաբերյալ ՄԻՊ-ն արդեն իսկ դիմել է համապատասխան միջազգային ատյաններին:

Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանն առանձնահատուկ անդրադարձել են ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությամբ կատարվող աշխատանքներին: Արման Թաթոյանը նախագահին մանրամասն տեղեկություններ է տրամադրել ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ համագործակցում են ներգրավված բոլոր կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հանրապետության նախագահի ու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը համատեղ կաշխատեն ինչպես գերիների վերադարձի, այնպես էլ միջազգային ատյաններում հայկական կողմի մտահոգություններն ու արձանագրված խնդիրները բարձրացնելու ուղղություններով:

Այս համատեքստում նախագահը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող աշխատանքները, մասնագիտական դիտարկումներն ու փաստահավաք գործունեությունը:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք