Կրկնակի վրաերթ Երևանում՝ Մալաթիայում գործող «Երևան Սիթիի» դիմաց․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կրկնակի վրաերթ Երևանում՝ Մալաթիայում գործող «Երևան Սիթիի» դիմաց․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր, փետրվարի 27-ին, կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևանի բնակիչ` 55-ամյա Արմեն Ա․-ն իր վարած Honda մակնիշի 66 AA 678 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում` «Երևան Սիթիի» դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները շպրտվել են հանդիպակաց երթևեկելի գոտի, որի հետևանքով էլ նրանցից մեկը կրկնակի վրաերթի է ենթարկվել Թալին քաղաքի բնակիչ` 23-ամյա Արիստակես Գ․-ի վարած Mercedes մակնիշի 77 TG 707 համարանիշի ավտոմեքենայի կողմից։ 

Վարորդները, մինչև շտապօգնության ժամանումը, քաղաքացիների օգնությամբ  օգնություն են ցուցաբերել վիրավորներին, ապա օգնել են նրանց՝ շտապօգնության ավտոմեքենանով տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչներ Գևորգ Գրիգորյանն ու Գևորգ Ավետիսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն դեպքի վայրում։

Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության։ Պարզվեց, որ նրանք եղել են սթափ։ 

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապահրատրասպոտրային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես  կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Հ․ Մարգարյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ 

Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք