211652_close_icon
views-count4606 դիտում article-date 09:57 27-02-2021

Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանի ցանկացած քայլ աշխատելու է իր ու իր իշխանության դեմ. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Զինված ուժերի գլխավոր շտաբի և բանակի հրամկազմի՝ նախօրեին արված հայտարարությունը Հայաստանում ստեղծել է բոլորովին նոր քաղաքական իրավիճակ։


Նիկոլ Փաշինյանն առնվազն մասամբ կորցրել է իշխանությունը, նա այլևս չի տիրապետում պետության ամենաազդեցիկ ուժային կառույցին՝ բանակին։ Ընդ որում, ամենաազդեցիկը լինելով՝ բանակն իրականում նաև ամենալեգիտիմ կառույցն է՝ ինչպես հասարակության ունեցած անվերապահ վերաբերմունքի առումով, այնպես էլ՝ այն իմաստով, որ հանրությունն ամենաշատը կապված է հենց բանակի հետ․ հազարավոր ընտանիքների երեխաներ ծառայություն են անցկացնում բանակում։

Այս իմաստով Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հղումներն «իշխանության լեգիտիմությանը», մեղմ ասած, հիմնավոր չեն, քանի որ, եթե Նիկոլ Փաշինյանն իրեն համարում է «լեգիտիմ իշխանություն», ապա իր հրաժարականը պահանջում է պետական կառավարման ու անվտանգային համակարգի ամենալեգիտիմ կառույցը՝ բանակը։


Ժամանակը, մեղմ ասած, չի աշխատում Նիկոլ Փաշինյանի օգտին, իսկ իրականում՝ աշխատում է նրա դեմ։ Նիկոլ Փաշինյանը չի կարող կտրուկ քայլերի դիմել բանակի դեմ, քանի որ այդպիսով բանակի ղեկավարությանն ու նաև միջին օղակներին էլ ավելի կհամախմբի իր դեմ։ Մյուս կողմից՝ նա չի կարող նաև ինչ-որ քայլերի չդիմել, քանի որ դրանով ցույց կտա, որ այլևս չի տիրապետում իրավիճակին։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը մեծ չէ․ լավագույն դեպքում նա կարող է հայտարարել արտահերթ ընտրությունների անցկացման մասին, սակայն խիստ կասկածելի է, թե ինչպես դա կընդունվի հրապարակի ու նաև խորհրդարանի քաղաքական ուժերի կողմից։

Ստեղծված խորը ճգնաժամը հաղթահարելու այլ քաղաքական գործիք Նիկոլ Փաշինյանը չունի․ բռնաճնշումներն է՛լ ավելի կարագացնեն նրա իշխանության կործանումը։ Լայն իմաստով՝ Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում, երբ ցանկացած քայլ աշխատելու է իր ու իր իշխանության դեմ։

Դա նման է այն իրավիճակին, որում հայտնվել էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2018 թվականին, և որի մասին խոսեց հենց ինքը՝ վերջին հարցազրույցում՝ ասելով, որ հայտնվել էր ցուգցվանգի առաջ՝ կա՛մ պետք է ուժ կիրառելու հրաման արձակեր, կա՛մ պետք է որոշում կայացներ՝ անցնցում հեռանալու մասին։ Սերժ Սարգսյանն ընտրեց երկրորդ՝ անցնցում հեռանալու տարբերակը, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Եվ հիմա ամենագլխավոր հարցն այն է՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն ինքը՝ այս ցուգցվանգային իրավիճակում, կամք ու վճռականություն կցուցաբերի՞՝ անցնցում հեռանալու որոշում կայացնելով, թե՞ կարձակի հասարակությանը կրակելու հրաման։

Նիկոլ Փաշինյանի անձնական վերաբերմունքն այդ հարցին հայտնի չէ, սակայն իշխանության ամենանշանային ու, միևնույն ժամանակ, ամենաբեղավոր ներկայացուցիչներից Անդրանիկ Քոչարյանն արդեն իսկ հայտարարել է, որ իշխանությունը կարող է կրակել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր