Արցախի ՄԻՊ-ը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի հայտարարությունը

Արցախի ՄԻՊ-ը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի հայտարարությունը Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի (ԵՕԻ) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի՝ Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին՝ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունը և միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին  կոչ  անում  ևս  դատապարտել  Ադրբեջանի  կողմից  միջազգայնորեն   ստանձնած  պարտավորությունների  չկատարումը  և հայ  գերիների  վերադարձի  շուրջ  արհեստական  խոչընդոտների  հարուցումը:

ԵՕԻ Գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ես կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

Զինված հակամարտության հետևանքով անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք պետք է վերադարձվի անմիջապես ռազմական գործողությունների ավարտից հետո և առանց որևէ նախապայմանների:

Դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։

Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը և լրջորեն խախտում են Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։ Սա կոպտորեն խարխլում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային մանդատները:

Գերիներին ազատ արձակելը և նրանց անվտանգ վերադարձը պահանջում են անհապաղ լուծում»:
 
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը 2009 թվականից անդամակցում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտին:
 

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք