Մարտնչող դիլետանտիզմի աղետը․ «Առավոտ»

Մարտնչող դիլետանտիզմի աղետը․ «Առավոտ» «Առավոտ» թերթը գրում է․ «Պետական պաշտոնյան, այդ թվում՝ պետության ղեկավարը, չի կարող ամեն ինչ իմանալ, բայց նա պետք է այնքան ողջամիտ լինի, որ կարողանա առաջնորդվել ոչ թե սեփական քմահաճույքներով, այլ մասնագետների կարծիքով: Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականության, դիվանագիտության, տնտեսության, իրավագիտության, անվտանգության, ռազմական ոլորտներին տիրապետում է զուտ լրագրողական մակարդակով և կարող է այդ թեմաներով հետաքրքիր, հարուստ համեմատություններով և սուր հարցադրումներով հոդվածներ գրել: Բայց երբ ամբողջ պետության (մանավանդ մեր նման փոքր, փխրուն, դեռևս չկայացած պետության) ճակատագիրը քո ձեռքում է, այդ գիտելիքները խիստ անբավարար են, և սեփական ամբիցիաներով ու պատկերացումներով առաջնորդվելը, ինչպես տեսնում եք, կործանարար է:

Բայց ողբերգությունն այն է, որ անգամ կործանումից հետո Փաշինյանն այնքան է տարված իր անձով և իր աթոռով, որ չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, և «թավիշին վերջ տալու» մասին է խոսում: Իբր ծեծուջարդով կամ բռնաճնշումներով հնարավոր է այս ճգնաժամը հանգուցալուծել:

Պատահական չէ, որ մարտնչող տգիտության և դիլետանտիզմի դեմ ի վերջո ընդվզեցին նաև զինվորականները: Նախ՝ այս իշխանության բոլոր ձախողումներից ամենաշոշափելին ռազմական պարտությունն է, որի գլխավոր պատճառներից կարևորը վարչապետի «նապոլեոնական» հակումներն են. նա իրեն խոշոր զորավարի տեղ էր դրել և պատերազմի ժամանակ, ի հեճուկս ռազմական մասնագետների զգուշացումների, մեկը մեկից «փայլուն» որոշումներ է ընդունել՝ որոշումներ, որոնք շատ դեպքերում հանգեցրել են քաոսի։

Բանակի սպաները վրդովված էին նաև իշխանության կողմից տարածվող այն քարոզչական թեզից, թե իբր Փաշինյանը ոչ մի բանում ոչ մի մեղք չունի, իսկ պարտության պատճառը զինվորականների դավաճանությունն էր: Դա երբեմն ասվում է ուղիղ տեքստով, երբեմն՝ ակնարկներով, բայց բոլոր դեպքերում նման՝ բարոյական տեսանկյունից, մեղմ ասած, վիճելի կեցվածքը բանակի սպաների համար տեսանելի է: Պետական թեկուզ նվազագույն մտածողություն ունեցող ղեկավարը, թեկուզ իրեն արդարացնելու համար, չի փորձի նվաստացնել ուսադիր կրող մարդկանց: Չէ՞ որ անցած պատերազմը վերջինը չէր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք