211652_close_icon
views-count1691 դիտում article-date 12:53 25-02-2021

Ուկրաինայում ցանկանում են քրեական պատիժ սահմանել ՌԴ-ի հետ համագործակցության համար

Ուկրաինայում  իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորները Գերագույն Ռադայում թշնամու հետ համագործակցելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին 2 օրինագիծ են ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն` հղում տալով Ռադայի էլեկտրոնային համակարգի տվյալներին:

Առաջին նախաձեռնությունը նախատեսում է պատասխանատվություն  Ռուսաստանի, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Ղրիմի իշխանությունների հետ համագործակցության և նրանց աջակցելու համար:

«Համագործակցողներ կհամարվեն այն քաղաքացիները, որոնք հերքել են Ուկրաինայի դեմ զինված ագրեսիայի իրականացումը և նրա տարածքների շրջափակումը կամ հրապարակավ կոչ են արել աջակցել ագրեսորին, համագործակցել շրջափակողների հետ»,-գրել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարի տեղակալ Եվգենիա Կրավչուկն իր ֆեյսբուքյան էջում:

Օրինագծի համաձայն՝ «Ուկրաինայի քաղաքացու կողմից կամավոր սկզբունքով կազմակերպչական կամ վարչատնտեսական ֆունկցիաների հետ կապ չունեցող պաշտոնի զբաղեցումը ժամանակավորապես շրջափակված տարածքների ապօրինի իշխանություններում» կպատժվի 12-15 տարվա ազատազրկմամբ:

Այն անձինք, որոնք ընտրովի պաշտոններ  կզբաղեցնեն Կիևի կողմից չվերահսկվող տարածքներում կամ կօգնեն  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպմանը, նույնպես կազատազրկվեն:

Երկրորդ օրինագիծը «լրացուցիչ իրավական հիմքեր է սահմանում քաղաքական կուսակցությունների, հասարակական, բարեգործական կամ կրոնական կազմակերպությունների, արհմիությունների և հասարակական կազմավորումների լուծարման համար»` Ռուսաստանի կամ Կիևի կողմից չվերահսկվող տարածքների իշխանությունների հետ համագործակցության հիմքով:

Նմանատիպ նյութեր