ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով նախաքննություն է սկսվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի խումբ ավագանիների նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով նախաքննություն է սկսվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի խումբ ավագանիների նկատմամբ  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ փետրվարի 23-ին, ՀՀ դատախազությունից ՀՀ քրեական  դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով հետագա ընթացքը լուծելու համար ոստիկանության Մալաթիայի բաժին է ստացվել ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմում:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմումը գլխավոր դատախազին է հասցեագրվել  Բազմազավակների համահայկական «Շիրազ բարեգործական միություն» հասարակական կազմակերպության վարչության կողմից և դիմումում նշված  է, որ  2020 թ.-ի նոյեմբերի 16-ին, Ժամը 13:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ավագանիներ Սամվել Հարթինյանը, Գագիկ Կիրակոսյանը, Եղիշ Սիրեկանյանը և այլ ավագանիներ Մալթիա–Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի 41/1 շենքի մոտ հարվածել են «Շիրազ» միության նախագահ Վիգեն Ղազարյանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: 

Դիմումատուն հայտնել է նաև, որ հարվածելուց հետո Վ. Ղազարյանի հասցեին հնչեցրել են սպանության սպառնալիք:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք