Երևանում բացվել է Շուշիի գորգերի թանգարանից տարհանված նմուշների ցուցադրությունը. «Արմենպրես»

Երևանում բացվել է Շուշիի գորգերի թանգարանից տարհանված նմուշների ցուցադրությունը. «Արմենպրես»

Երևանում՝ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, փետրվարի 20-ին բացվել է Շուշիի գորգերի թանգարանից պատերազմի ընթացքում տարհանված  նմուշների ցուցադրությունը:



«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գորգերը Շուշիի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուից են և  Շուշիից տարհանվել են 2020 թվականի  նոյեմբերի 1-ին։



«Պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի վերջին  Շուշիի գորգերի թանգարանի մոտակայքում մեծ հրթիռ էր պայթել և վնասել շինությունը, ջարդվել էին դռներն ու պատուհանները: Ես ստիպված էի տարհանել գորգերը, որովհետև այլընտրանք չկար: Ժամանակին գիտակցեցի, որ կարող ենք կորցնել պատմամշակութային արժեք ներկայացնող այս գորգերը: Զանգահարեցի Արցախի կրթության, գիտության ու մշակույթի նախարարին, ավտոմեքենա տրամադրեցին և տարհանեցինք ցուցադրության ներկայացված նմուշները: Մոտ 100-120 գորգ, որոնք պահպանվում էին Շուշիի թանգարանային ֆոնդում մնացին այնտեղ»,-պատմեց Ասծատրյանը:



Նրա հաղորդմամբ՝ Շուշիից հաջողվել է դուրս բերել  շուրջ 160 գորգերի ցուցանմուշներ: Շուշիի գորգերի երևանյան ցուցադրությանը ներկայացված ամենահին նմուշը 350 տարեկան է՝ Ասկերանի շրջանի Շոշ գյուղից։



«Գորգերի այս հավաքածուն, որի ցուցանմուշները թվագրվում են 17-ից 20-րդ դարասկզբով, գնել եմ այն ընտանիքներից, որտեղ գործվել են: Ուստի հայտնի են նաև դրանց պատմությունը, տեղավայրերն ու տարեթվերը:



Շուշիի գորգերի թանգարանի երևանյան ցուցադրությունը տևելու է առնվազն 3 ամիս: Վարդան Ասծատրյանի խոսքով առայժմ անորոշ է, թե հետագայում, որտեղ են պահպանվելու գորգերը: Առայժմ՝ ըստ  Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանի՝ Շուշիից տարհանված գորգերը պահպանվելու են Հայաստանի պատմության թանգարանում և ժամանակավորապես նաև՝ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում:



Ցուցադրությանը ներկայացված է 71 գորգ, որոնց գերակշիռ մեծամասնությունը արցախյան բնակավայրերից են: Կան նաև հին գորգեր Հայաստանի բնակավայրերից:



Իր խոսքում ցուցադրության համադրող Նարեկ Վան Աշուղաթոյանը նշեց, որ Երևանում Շուշիից դուրս բերված գորգերի ցուցադրությանն անվերապահ ընդառաջել է Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:



«Գորգերի ցուցադրությունը հնարավորություն է ընձեռելու վերադառնալ մեր ակունքներին, ճանաչելու, հասկանալու և վերարժևորելու ինքներս մեզ »,-ասաց Նարեկ Վան Աշուղաթոյանը:



Շուշիի գորգերի երևանյան ցուցադրության բացմանը ներկա էին նաև Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, մշակութային կրթօջախների, թանգարանների ներկայացուցիչներ և արվեստագետներ:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք