211652_close_icon
views-count1313 դիտում article-date 12:08 18-02-2021

Հատուկենտ բացառություններ՝ ցինիզմի ֆոնին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ մարդը մտնում է քաղաքականության մեջ և առավել ևս՝ երբ նա մաս է կազմում իշխանական խմբակի, նա պետք է գիտակցի, որ իրենից պահանջվելու է դեմագոգիայի ու ցինիզմի որոշակի մակարդակ: Դա համաշխարհային օրինաչափություն է, և Հայաստանն այստեղ չի կարող բացառություն լինել: «Թիմային ոգին» պահանջում է, որ դու կա՛մ չնկատես թերություններն ու արատները, կա՛մ նկատես ու ասես, որ դրանում մեղավոր ես ոչ թե դու, այլ քո նախորդները, կա՛մ, եթե լեզուդ առավել ճկուն է, թերությունը ներկայացնես որպես առավելություն:

Հայաստանի նման ավտորիտար երկրում դու պարտավոր ես նաև փառաբանել քո ղեկավարի իմաստությունն ու խորաթափանցությունը: Անխիղճ և անամոթ լինելն, այսպիսով, քաղաքական գործչի, կարելի է ասել, անբաժանելի հատկությունն է: Հետպատերազմյան Հայաստանում այդ հատկությունը ձեռք է բերել աննախադեպ և ծայրահեղացված բնույթ:

Իմքայլականները և նրանց շեֆը, անգամ այն պարագայում, երբ Արցախի ՊԲ-ն շարունակում է գրեթե ամեն օր հրապարակել մի քանի տասնյակ զոհվածների անունները, գլուխները չեն կախում, մարդկանցից աչքերը չեն փախցնում. շարունակում են «դուխով» խոսել թե՛ պատերազմի և թե՛ զանազան այլ թեմաներով:

Սովորական մարդը, եթե անգամ պատահաբար մեկ մարդու մահվան պատճառ է դառնում (ասենք, վթարի պատճառով), հետո ամբողջ կյանքը սթրեսի մեջ է, խիղճը տանջում է, երազներում մահացածը գալիս է ու հիշեցնում ողբերգական պատահարը: Բայց քաղաքական գործչի պարագայում դա այդպես չէ. պաշտոն կամ մանդատ ունենալու «կայֆերը» գերակշռում են սովորական մարդկային զգացմունքներին:

Ճիշտ է, կան հատուկենտ բացառություններ՝ մի քանի պատգամավորներ մանդատները վայր են դրել կամ դուրս են եկել իշխող խմբակցությունից: Նրանց թվում է Վարազդատ Կարապետյանը: Նախկին իմքայլական պատգամավորը եւ ԱԺ տարածքային կառավարման եւ այլնի մշտական հանձնաժողովի նախագահը օրերս որոշել է հրաժարական տալ նաեւ Չինաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցչի պաշտոնից՝ բացատրելով, որ հիմա Չինաստան գնալու ժամանակը չէ: Երեք ամսվա ընթացքում պարոն Կարապետյանը գիտակցել է, որ մեր երկիրը խայտառակ պարտություն է կրել՝ մի բան, որը ջանասիրաբար հերքում են նրա նախկին թիմակիցները: Եվ դա բնական է. եթե նրանք իրերն անվանեն իրենց անունով, ապա կթուլանա նրանց դեմագոգիկ «փաստարկն» այն մասին, որ պատգամավորական մանդատն իրենց «ժողովուրդն է տվել»: Կստացվի, որ նրանց տրվել է խայտառակ պարտություն կրելու մանդատը:

Իսկ քանի որ մենք պարտություն չենք կրել, ուրեմն, մենք եւ մեր երեխաները շարունակում ենք ապրել «երջանիկ Հայաստանում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր