Նոր ֆիլմ՝ հայրերի ու որդիների պայքարի մասին. տեղի ունեցավ «Ընդվզում» ֆիլմի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոր ֆիլմ՝  հայրերի ու որդիների պայքարի մասին. տեղի ունեցավ «Ընդվզում» ֆիլմի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Հայրերի ու որդիների կոնֆլիկտն ունի դարավոր պատմություն: Սկսած հին ժամանակներից հայերի ու որդիների մեջ ծագել են բազմաբնույթ խնդիրներ, որի լուծմանն անդրադարձ են կատարել մի շարք մտածողներ, մտավորականներ ու հոգեբաններ: Այս խնդրի վառ օրինակներից է ռուս ռեալիստ (իրապաշտ) գրող, բանաստեղծ, հրապարակախոս, դրամատուրգ, թարգմանիչ  գրականության դասականներից  Պետերբուրգի գիտությունների կայսերական ակադեմիայի ռուսերենի գծով թղթակից անդամ, Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր    բազմաթիվ վեպերի, վիպակների և պատմվածքների հեղինակ Իվան Տուրգենևի Հայրեր ու որդիներ նշանավոր վեպը: Այս խնդրի վերաբերյալ նկարահանվել ու բեմադրվել են մի շատ ֆիլմեր ու ներկայացումներ:

Բավականին վերջերս իմացա,որ մի խումբ երիտասարդներ նկարահանել են Ընդվզում կարճամետրաժ ֆիլմը: Սրա անդրանիկ ցուցադրությունը տեղի ունեցավ ս.թ փետրվարի 17-ին Երևանի Մեգամոլ առևտրի Սինեմասթար կինոթատրոնում: Այստեղ էին հավաքվել արվեստագետներ, մտավորականներ, կինոգետներ մասնակցելու ֆիլմի շնորհանդեսին: Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ,ինչպես նաև միջոցառումը վարում էր ասմունքող Լուսինե Համբարյանը: Նա հակիրճ ներկայացրեց ֆիլմի ռեժիսորին ու նրա անցած ուղին՝նշելով, որ ֆիլմի շնորհանդեսը համընկել է Վահան Ազիբեկյանի հոբելյանի հետ: Նշենք, որ Վահան Ազիբեկյանը ծնվել է  1991 թվականի փետրվարի 17-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում: Արդեն 10 տարի է, ինչ զբաղվում է լուսանկարչությամբ: Այնուհետև ելույթ ունեցավ Վահան Ազիբեկյանը՝ հակիրճ ներկայացնելով ֆիլմի բովանդակությունն ու ստեղծագործական և դերսանական անձնակազմին:

«Ընդվզում»-ը կարճամետրաժ ֆիլմ է, 15 րոպե տևողությամբ: Հանրության շրջանում ցուցադրվում է առաջին անգամ: Ֆիլմի հիմքում հոր և որդու կոնֆլիկտային հարաբերություններն են, յուրաքանչյուրն ունի հիմնավորում և չի հասկանում դիմացինի հիմնավորումը, չնայած հայր և որդի են,բայց նրանց ընտրած ուղին շատ չի տարբերվում իրարից։ Այս թեման ներկայացվում է հիմնականում ենթատեքստում, իսկ առաջին պլանում հայրն է, որի կրպակը, նոր օրենքի համաձայն, պետք է ապամոնտաժեն, և որը չի հաշտվում այդ մտքի հետ ու, ի հեճուկս որդու հորդորների, պայքարում է։ Հենց այս պայքարի ընթացքում են բացահայտվում կերպարները և նրանց ներքին կոնֆլիկտները։

Սցենարի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Վահան Ազիբեկյան է, բեմադրող օպերատորը Անդրան Մանթաշյանը, բեմադրող նկարիչներն են՝ Վահան Ազիբեկյանն ու Լուսինե Համբարյանը կոմպոզիտոր՝ Անահիտ Մնացականյանն է հնչյունային ռեժիսորը Վահագն Համայակյանը, դասախոսը Միքայել Աբրահամյանը: Դերերը կատարում են Գեորգի Հովակիմյանը, Դավիթ Գասպարյանը, Տաթև Գրիգորյանը, Գագիկ Հարությունյանը:Նա նշեց, որ ֆիլմն արդեն թարգմանվել է ու մոտ ապագայում կներկայացվի փառատոններից մեկում: Նրա խոսքով ֆիլմը նկարահանվել է հուլիսի 22-ին: Աշխատանքների ընթացքը տևել է 3 օր: Այն պետք է էկրան բարձրանար անցյալ տարի հուլիսին, սակայն ցավոք հուլիսյան պատերազմի պատճառով հետաձգվեց: Ելույթ ունեցավ նաև ֆիլմի գլխավոր դերակատար, սիրված դերասան Գեորգի Հովակիմյանը: Նա իր խոսքում նշեց, որ ֆիլմը դիտում է առաջին անգամ: Ֆիլմը ստեղծվելու ընթացքում անձնակազմն երկար ու դժվար ճանապարհ է անցել: Նա նաև նշեց, որ սիրում է նկարահանվել ու աջակցել երիտասարդ սերնդին,ովքեր նկարահանում ու պաշտպանում են դիպլոմային աշխատանքներ: Իր խոսքն ամփոփեց, այն դրույթով, որ երբեք պետք չի անտեսել այն մարդկանց, ովքեր իրականում աշխատում ու վաստակում են արդար քրտինքով, պետք է գնահատել նրանց մարդկային գործոնը: Ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցավ հետաքրքիր հարցուպատասխան քննարկում հանդիսատեսի, կինոգետների ու ռեժիսորի միջև:

Շնորհանդեսի վերջում ֆիլմի ռեժիսորն իր երախտիքի խոսքերն ուղղեց անձնակազմին, կազմակերպիչներին ու աջակիցներին՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում նա հանդիսատեսին կներկայանա իր նոր ֆիլմերով ու ծրագրերով:Ֆիլմի մասին զրուցեցիք սցենարիստ ռեժիսոր Վահան Ազիբեկյանի հետ:

-Նախևառաջ թույլ տվեք շնորհավորել այս հրաշալի առիթով
 - Շատ շնորհակալություն
-Խնդրում եմ ներկայացրեք ֆիլմը
-Ֆիլմը պատմություն է պատերազմի մասնակից, ոտքի վիրավորում ստացած կոշկակարի մասին, որի կրպակը, նոր օրենքի համաձայն, պետք է քանդվի, և որը, ի հեճուկս որդու հորդորների, պայքարում է դրա դեմ...
-Ինչպես կներկայացնեք հայրերի ու որդիների խնդիրը ներկայիս պայմաններում
-Հայրերի և որդիների միջև որոշ անհամաձայնությունները բնորոշ են բոլոր ժամանակներին։ Երևույթի էությունը, կարծում եմ, անփոփոխ է եղել տարբեր ժամանակներում։
-Գեղագիտական ինչ նոր ճաշակ կա ֆիլմում
-Բարդ է այս հարցին պատասխանելը։ Ես փորձել եմ ներկայացնել մարդուն, նրա կյանքը և ապրումները, փորձել եմ դա անել նորովի, բայց թե ինչպես է ստացվել, իրական գնահատական միայն հանդիսատեսը կարող է տալ։
-Ինչու Ընդվզում կմեկնաբանեք ֆիլմի վերնագիրը
-Ինչու «Ընդվզում»... Ֆիլմն ամբողջովին ընդվզում է, բոլոր կերպարները կարծես ապստամբեն, խռովության մեջ լինեն, ընդ որում` թե' ներքին, թե' արտաքին։
-Ինչպես կատարվեց կերպարների ընտրությունը
-Ֆիլմի կերպարները իրական կյանքից վերցրած մարդիկ են։ Մեկը գուցե ինձ է նման, մյուսը` ձեզ։ Իսկ դերասաններին փորձել եմ այնպես ընտրել, որ լիարժեքորեն կարողանան փոխանցել ասելիքը։
-Ինչ դժվարություն ունեիք նկարահանումների ընթացքում
- Դժվարությունները հիմնականում կապված էին կորոնավիրուսի հետ, այդ ընթացքում շատ քիչ էին նկարահանումները, կային սահմանափակումներ, թույլտվություն էր պետք որոշ վայրերում նկարահանում անելու, հատկապես դերասանների` առանց դիմակ լինելու համար, բացի այդ` դրսի տեսարաններ ունեինք մարդաշատ վայրերում ու փորձում էինք կադրում հնարավորինս դիմակով մարդ չերևա։
-Պատրաստվում եք ֆիլմը ներկայացնել փառատոնների
-Այո', կներկայացնենք փառատոնների։
-Արդյոք մեր սփյուռքահայ բարեկամները հնարավորություն կունենան այն դիտել
-Ֆիլմը դեռևս հասանելի չի լինի լայն լսարանի համար. իհարկե, էլի ցուցադրություններ կամ քննարկումներ կլինեն, որոշ ժամանակ հետո բոլորն էլ հնարավորություն կունենան դիտելու։
-Ինչ բացահայտում կամ նորարարություն կա ֆիլմում
- Կարծում եմ` այս հարցը թողնենք հանդիսատեսին, գուցե ամեն մարդ իր բացահայտումն անի ֆիլմը դիտելով։
-Արդյոք նման ֆիլմով կարող ենք մեղմացնել այս դարավոր հայրեր ու որդիներ խնդիրը
-Ֆիլմը, հայրեր-որդիներ անհամաձայնությունը ներկայացնելով, գուցե մարդկանց իրենք իրենց տեսնելու հնարավորություն տա, իսկ դա արդեն իսկ շատերին մտածելու տեղիք կտա։
-Մի քանի խոսքով ներկայացնենք ձեր առաջիկա ծրագրերը
-Առաջիկայում նպատակ կա ֆիլմը ուղարկելու տարբեր փառատոնների… Նաև նոր գաղափարներ կան, որոնց մասին դեռ չեմ խոսի։
-Խոսք ուղղված ֆիլմում ընդգրկված ձեր գործընկերներին
-Ֆիլմի անձնակազմին հատուկ և մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել, նրանց նվիրվածության շնորհիվ այսօր ունենք այս ֆիլմը։

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
 
 
 

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք