Իրանի խորհրդարանի անդամ Սեյեդ Մահդի Ֆարշադանը արժեւորել է Հայաստանի հետ քաղաքական օրակարգի խթանումը

Իրանի խորհրդարանի անդամ Սեյեդ Մահդի Ֆարշադանը արժեւորել է Հայաստանի հետ քաղաքական օրակարգի խթանումը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր գործընկերոջ՝ Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։

Շնորհավորելով Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Մխիթար Հայրապետյանը լավագույն բարեմաղթանքներն է հղել Իրանի բարեկամ ժողովրդին։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի:

Առանձնահատուկ ընդգծվել է Հայաստանի եւ Իրանի միջեւ հաստատված դարավոր բարեկամական եւ փոխադարձ վստահության ու աջակցության, ինչպես նաեւ ամուր պատմական եւ մշակութային կապերի վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը:

Այս առումով երկուստեք կարեւորվել է համագործակցությանը նոր թափ հաղորդելու եւ փոխադարձ այցելություններ կազմակերպելու անհրաժեշտությունը։

Պարոն Ֆարշադանը, արժեւորելով Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա բազմաբնույթ համագործակցությունը եւ քաղաքական օրակարգի խթանումը, հայտնել է, որ ծրագրում է առաջիկայում պատվիրակությամբ այց կատարել Հայաստան՝ առավել հանգամանալից քննարկելու համագործակցության խորացման հեռանկարները։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք