211652_close_icon
views-count19786 դիտում article-date 22:43 17-01-2021

ՄԵՐ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ , ՔԱՋ ԶԻՆՎՈՐ ՎԱՐԴԱՆԸ ԵՎՍ ԱՆՄԱՀԱՑԱՎ

Մեր գործընկեր, ապրիլյան և 44-օրյա պատերազմների ժամանակ ռազմադաշտի ամենաթեժ կետերում իր լրագրողական աշխատանքը կատարող Լուսինե Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայ մարտիկներն ամենաազնիվն են, ամենաուժեղն ու ամենագեղեցիկը, իրավ է. ցավ եմ ապրում ամեն անգամ անմահացած մեկի մասին գրելիս, մի կերպ ուժ եմ գտնում իմ մեջ՝ ասելու, գրելու… Ցավոք այս պատերազմում շատ-շատ են անմահները, որոնցից շատերին գիտեի նաև իմ աշխտանքի բնույթից ելնելով: Հիշում եմ, երբ այցելում էի Մարտակերտի ըմբշամարտի դահլիճ՝ մրցույթները լուսաբանելու, այնտեղ տեսնում էի ազգի հզոր զավակների, վաղվա դիրքապահ հզոր զինվորին (իմ աչքին բոլորը վաղվա զինվոր էին երևում, ով գիտեր մի օր այդ զինվորն այսպիսի դաժան ճակատագրի պետք է արժանանար… ): Մի օր էլ ըմբշամարտի մրցագորգին տեսա պարզ, միաժամանակ խրոխտ հայացքով մի պատանու, ով բազում հաղթանակների հեղինակ էր նաև միջազգային հարթակներում՝ աչքի ընկնող սպորտային կազմվածքով: Միշտ ուրախանում էի նման ձեռքբերումներով պատանիներով՝ ասելով, որ վաղվա ուժեղ զինվոր է լինելու, լավ պոստ է պահելու… Պատանի մարզիկն այդպիսին էր: Նրանով հպարտանում էր նաև ըմբշամարտի նրա մարզիչ Կարեն Շախնումանցը: …Սպորտային կազմվածքով տղան Վարդանն էր, վաղվա պոստ պահող ուժեղ զինվորը, ով ծնվել և մեծացել է Մարտակերտում: Նա մինչև բանակ զորակոչվելը սովորում էր ԱրՊՀ ՆԶՊ և ֆիզկուլտուրայի բաժնում: Ծառայում էր Մարտունու 2-րդ զորամասում: Նա օրինակելի զինվոր էր, ծառայության ժամանակ ևս մասնակցում էր տարբեր մրցույթների ու աչքի ընկնում խիզախությամբ, քաջությամբ: Սիրված էր հրամկազմի և ծառայակից ընկերների կողմից: Սիրելի ընթերցող, մեր այս ուժեղ զինվորը ևս զոհվել է այս անիծված պատերազմում, որը մեզնից խլեց մեր լույս տղաների կյանքը: Պատերազմի ժամանակ Վարդան Դանիելյան քաջ զինվորը հերոսական պայքար է մղել թշնամու դեմ: Ընկերներն ասում են, որ վիրավորվել է, սակայն նորից միացել իրենց: Հիրավի, պատերազմը զոհեր է պահանջում, բայց ոչ այսքան դաժան ու սարսափելի: 2020-ի հոկտեմբերի 24-ին Վարդանը մի կերպ զանգում է մայրիկին,ասում որ ամեն ինչ լավ է լինելու, և մորը հանգստացնում է, որ անպայման տուն է գալու… սակայն կատարվում է անսպասելին, և մեր սպորտսմեն հերոս զինվորը այդ գիշերը զոհվում է՝ քաջաբար… Վարդանը զոհվում է, սակայն ամեն ինչ իրար էր խառնվել, ոչ մեկ չգիտեր, թե ինչ է եղել, ինչ կլինի: Եվ այսպես Վարդանը 2,5 ամիս մնացել է անհայտության մեջ: Բոլորը սպասում էին, որ անպայման կվերադառնա , նա չի կարող զոհվել, նա գետնին կտապալի թշնամուն, կպաշտպանի նաև իր ընկերներին: Վարդանի մայրը միշտ սպասում էր, ասում էր, որ որդին 2021թ. հունվարի 21-ին պետք է զորացրվի, մտածում էր՝ գուցե անակնակալ է ուզում անել … Վարդանը հունվարին եկավ , բայց՝ հերոսացած… Հունվարի 7-ին ծնողներին տեղեկացրին, որ գտնվել է Վարդանի դին և արդեն Մարտակերտ են բերում: …Աննկարագրելի էր տեսարանը,հատկապես մոր վիճակը, բոլոր- բոլորի վիճակը, ոչ ոք չէր հավատում, որ ընկել է Վարդանը, այդ լուսավոր և ուժեղ տղան: Գույժը լսելուն պես Վարդանենց տանը մարդկանց հսքը չէր դադարում: Եվ բերեցին մեր ուժեղ Վարդանին, բերեցին, բայց ոչ մեկը չտեսավ նրան, միայն լուսանկարներն էին ժպտում՝ մեդալներով ու գավաթներով զարդարված, որոնք այնքան հպարտորեն էր կրում նա. ամեն հաղթանակի ժամանակ արժանանում էր տարբեր մեդալների, մասնակցում էր նաև միջազգային մրցաշարերի և հաղթանակով տուն վերադառնում: Նա այնքան էր սիրում սպորտը, նույնքան սիրում էր նաև ծառայությունը, հայրենիքին և ծառայությանը նվիրված զինվոր էր… Վարդանին հուղարկավորեցին Մարտակերտում, մարդկանց հոսքը չէր վերջանում, բոլորը եկել էին մասնակցելու և հրաժեշտ տալու իրենց հերոս զավակին: Ամեն մի զոհված զինվորի կամ սպայի մասին գրելիս, այնքան եմ դժվարանում, և օրեր են պահանջում ինձնից, որ կարողանամ մտքերս՝ լավ թե վատ իմի բերել: Տեր Աստված ես ուժեղ էի, այս ինչ եղավ ինձ հետ, գուցե, որ շատերին գիտեի անձամբ…պետք է խոստովանեմ, որ դժվարանում եմ… Ինչ արած, նժդեհյան այս խոսքը կարծես սփոփանք է մեզ. այն, որ մարդն ու պատերազմը միաժամանակ են հայտնվել մեր երկրագնդի վրա: Այսպես է վկայում մարդկային ցեղի պատմությունը, որը չունի մի հատիկ էջ, որ գրված չլինի արյունով: Իսկ այս պատերազմում պատմության էջերն այնքան շատ Վարդանների արյուններով գրվեց , որ այլևս էջերը վերջացել են: Խոնարհվում ենք նրանց առաջ…»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր