211652_close_icon
views-count1981 դիտում article-date 23:14 13-01-2021

Արցախի պետական մարմինների կողմից գերիների, անհետ կորածների մասով աշխատանքներ տարվում են, բայց քաղաքական առումով բանակցողներն ու այս հարցով զբաղվողները ՀՀ մարմիններն են. Արտակ Բեգլարյան

[url=https://www.tert.am/am/news/2021/01/13/beglaryan/3494478]Tert.am[/url]-ը գրում է. Իմ հիմնական նպատակներից մեկն է, որ հնարավորինս արագ բարեփոխումներ իրականացնենք վարչարարության և քաղաքացիների հետ շփումների հետադարձ կապի համակարգում, դա սկսելու ենք նախագահի աշխատակազմում, հետագայում տարածելու ենք այլ մարմիններում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: Բեգլարյանը ներկայացրեց նախագահի աշխատակազմում սպասվելիք փոփոխությունները և անդրադարձավ Արցախի առաջնահերթություններին: «Գլխավոր առաջնահերթությունը Արցախում ապրող հայության անվտանգությունն է: Պատերազմի հետևանքով պայմանավորված՝ խոցելիությունը հիմա ավելի մեծ է, ինչը նշանակում է՝ մեր ջանքերը պետք է բազմապատկվեն: Իհարկե, մեր հնարավորություններն ավելի սահմանափակ են հիմա, քան պատերազմից առաջ, բայց դա չի նշանակում, թե չպետք է աշխատենք, ապրենք, արարենք մեր հայրենի հողում»,- ասաց նա և նշեց, որ անձամբ ինքը ապրելու է Արցախում և իր ծառայություններն է մատուցելու: «Բոլորս հասկանում ենք, որ անվտանգության առումով օբյեկտիվ խնդիրներ կան, երբեմն անորոշություններ են լինում պետական կառավարման համակարգի խնդիրներով պայմանավարված, և այստեղ շատ կարևոր է, որ պետական լիազոր մարմիններն անեն առավելագույնը, որ սուբյեկտիվ խնդիրներ չլինեն: Այսինքն՝ մենք մեր մասով պետք է առավելագույնն անենք, որ անվտանգության համակարգը գնալով ավելի արդյունվետ աշխատի, բայց բոլորս պետք է հասկանանք՝ դրա համար ժամանակ է պետք, քանի որ առաջնագիծը մոտ 2.5 անգամ մեծացել է և բնակելի տարածքներին, համայնքներին շատ տեղերում շատ մոտ է, և դրանով պայմանավորված՝ խնդիրներ են առաջանում»,- նշեց նա: Բեգլարյանը համոզմունք հայտնեց, որ ժամանակի ընթացքում ՊԲ և այլ մարմինների կողմից անվտանգության համակարգն ավելի կամրանա, ռիսկերը կնվազեն և պետական կառավարման համակարգն էլ պետք է փորձի տեղեկատվական մասով բաց աշխատել, ռիսկերն ու խնդիրները բաց ներակայացնել ու փորձել հնարավորինս իրավիճակը կառավարել: «Ադրբեջանական կողմը միտումնավոր դիմում է սադրանքների, որ հոգեբանական ճնշման տակ պահի մեր հասարակությանը, մենք պետք է մաքսիմալ դիմադրողականություն ցուցաբերենք ու հասկանանք իրավիճակի լրջությունը»,- ընդգծեց նա: Հաջորդ առաջնահերթությունը, որը նշեց Բեգլարյանը, Արցախի միջազգային սուբյեկտայնության բարձրացումն ու միջազգային ճանաչմանը հասելն է: «Իհարկե, դժվարությունները շատ ավելի շատ են, բայց մյուս կողմից այս իրավիճակով պայմանավորված՝ դրական միտումներ էլ կան՝ հաշվի առնելով այն, որ արդեն որոշ միջազգային կազմակերպություններ ցանկություն են հայտնել Արցախում անկախ գործունեություն ծավալել, Արցախում արդեն գործում են օտարերկրյա կազմակերպություններ, օրինակ, ՌԴ հումանիտար խումբը, խաղաղապահ խմբերը, կարծես թե այլ երկրներ էլ այս մասով դրական միտումներ, ծրագրեր ունեն: Պետք է փորձենք եղած հնարավորությունները օգտագործել»,- հայտարարեց նա: Նա ընդգծեց, որ հաջորդ առաջնահերթությունը գերիների, անհետ կորածների մասով հումանիտար աշխատանքներն են: «Ցավոք սրտի, առ այսօր Ադրբեջանը ապակառուցողական, նույնիսկ հանցավոր վարք է դրսևորում, ինչի հետևանքով բազմաթիվ մեր հայրենակիցների, քաղաքացիական անձանց, զինծառայողների ճակատագրերը պարզ չեն, մի մասինն էլ պարզ է, որ նրանք գերեվարված են ու գտնվում են ադրբեջանական բանտերում, բայց Ադրբեջանը փորձում է նրանց ներկայացնել ահաբեկիչներ: Այս մասով բնականաբար պետությունը մեծ անելիք ունի, պետք է բոլոր հնարավոր լծակները կիրառել: Աշխատանքներ տարվում են Արցախի պետական մարմինների կողմից, քաղաքական առումով ՀՀ մարմիններն են բանակցողներն ու այս հարցով զբաղվողները»,- նշեց նա: Բեգլարյանի ներկայացմամբ՝ հաջորդ կարևորը խնդիրը անօթևան մնացած, տեղահանված անձանց սոցիալական բնույթի հարցերն են: «Մի մասը ժամանակավոր լուծում են ստացել, բայց բավականին խնդիրներ դեռևս առկա են, քիչ-քիչ որոշակի ծրագրեր իրենց արդյունավետությունն ապահովում են, բայց ես կարող եմ ասել, որ դեռևս ծրագրերի արդյունավետության, հասցեականության խնդիր կա, իհարկե, հիմա ավելի լավ է վիճակը, քան մեկ-երկու ամիս առաջ, բայց ես որպես պաշտոնյա բավարարված չեմ»,- ասաց նա: Բեգլարյանը առաջնահերթություններից առանձնացրեց տնտեսական խնդիրները, մարդկանց, երեխաներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու խնդիրները և այլ հարցեր: Նա կարևորեց պետական համակարգի և հասարակության միջև փոխադարձ կապի, հաղորդակցության ամրապնդումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր