211652_close_icon
views-count2388 դիտում article-date 23:40 13-01-2021

«Կռիվ ու սեր» ներկայացմամբ Հայաստանում իր դռները կբացի եզդիական առաջին թատրոնը

Հունվարի 17-ից «Կռիվ ու սեր» բեմադրության առաջնախաղով Հայաստանում թատերասերների առաջ իր հյուրընկալ դռները կբացի մնջախաղի վարպետ Արսեն Փոլադովի անվան եզդիական առաջին թատրոնը, որը հիմնադրվել է «Եզդիների կողքին» նախաձեռնության շրջանակում: «[url=https://armenpress.am/arm/news/1039941.html]Արմենպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացման սցենարի հեղինակ, «Եզդիների կողքին» նախաձեռնության հիմնադիր Գրետա Ալեքսանյանն ասաց, որ թատրոնը վարձակալության հիմունքներով տեղակայվելու է Էջմիածնի Մաչանենց թատրոնի շենքում, որը գտնվում է Շահումյան, 51 հասցեում: «Նախատեսում էինք ազգային լեգենդ բեմադրել. անգամ աշխատանքներ էինք տարել այդ ուղղությամբ, բայց սկսվեց պատերազմը, որին մասնակցում էին նաև եզդիները: Ելնելով այդ հանգամանքից՝ որոշեցինք ներկայացմամբ ցույց տալ սերն ու կռիվը պատերազմի օրերին, ընդգծել ազգությամբ եզդի զինվորների կարևորությունը պետության կյանքում, նրանց սերը դեպի հայրենիքը՝ Հայաստանը»,- նշեց Ալեքսանյանն ու հավելեց, որ ներկայացումը նվիրել են Արցախի երկրորդ պատերազմում զոհված եզդիների անմար հիշատակին: Ներկայացման մեջ զբաղված դերասանները պրոֆեսիոնալներ չեն, սակայն բեմադրության փորձերը համատեղել են դասընթացներով, որոնց միջոցով դերասանական հմտություններն են յուրացնում: «Կարծես թե ստացվում է, որովհետև նրանց ոգևորությունը մեծ է: Շատ լավ թիմ է ձևավորվել, և ինձ համար կարևոր է աշխատել եզդիների հետ. նրանք բնավորությամբ մի քիչ կաշկանդված են, բայց արդեն իրենց շատ ազատ են զգում բեմում: Հարկ եմ համարում տեղեկացնել, որ դերասաններից մեկը մասնակցել է պատերազմին, որում կորցրել է եղբորը, բայց պատրաստվում է բեմ բարձրանալ, խաղալ: Բեմում նրա իրական ապրումներն են»,-նշեց Գրետա Ալեքսանյանն ու շեշտեց, որ ներկայացման ռեժիսորը Մաչանենց թատրոնի գեղարվեստական ղեկավար Գևորգ Ընծա Բաբախանյանն է, որի հետ համագործակցելու են նաև առաջիկայում, քանի որ վերջինս ծանոթ է եզդիների ազգային առանձահատկություններին: Ինչպես «Կռիվ ու սերը», այնպես էլ թատրոնի առաջիկա ներկայացումները եզդիերեն են լինելու: Հայ հանդիսատեսին ևս թատրոն բերելու նպատակով նրանց բաժանվելու են թերթիկներ, որոնցում հայերենով կմատուցվի ներկայացման բովանդակությունը: «Մեր փորձերին ներկա են եղել նաև հայ թատերասերներ, որոնք խոստովանել են, որ լեզուն չեն հասկացել, բայց հուզվել են»,- ընդգծեց Ալեքսանյանը: Անդրադառնալով թատրոնը Արսեն Փոլադովի անունով կոչելուն՝ Գրետա Ալեքսանյանը շեշտեց, որ ազգությամբ եզդի մնջախաղացը երևույթ է, բարձրագույն արժեք ինչպես եզդի, այնպես էլ հայ ազգի համար: Գրետա Ալեքսանյանը հույս ունի, որ հետագայում Երևանի մնջախաղի պետական թատրոնը նույնպես արդարացիորեն կկոչվի վարպետի անունով, մարդու, որը կանգնած էր թատրոնի հիմնադրման ակունքներում:

Նմանատիպ նյութեր