Նավալնին հայտարարել է, որ Ռուսաստան կվերադառնա հունվարի 17-ին
Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հայտարարեց, որ հունվարի 17-ին նախատեսում է «Պոբեդա» ավիաընկերության չվերթով մեկնել Ռուսաստան: Գրում է dw.com կայքը։
Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ հունվարի 17-ին վերադառնալու է Ռուսաստան:
Համապատասխան գրառումը նա կատարել է չորեքշաբթի՝ հունվարի 13-ին, Telegram- ում և Twitter- ում:
Թե Գերմանական որ քաղաքից է մեկնելու Ռուսաստան, Նավալնին չի հստակեցրել: Ինչպես հետեւում է Պոբեդա կայքի տեղեկատվությունից, հունվարի 17-ին ավիաընկերությունը չվերթ է իրականացնում Բեռլինից Մոսկվա:
2020թվ-ի օգոստոսին թունավորվելուց հետո Գերմանիայում վերականգնման փուլում գտնվող քաղաքական գործչի խոսքերով իր առջև «վերադառնալ-չվերադառնալու» հարցը երբեք չի եղել:
«Պարզապես այն պատճառով, որ ես չեմ հեռացել: Ես հայտնվեցի Գերմանիայում միայն մեկ պատճառով՝ ինձ փորձել էին սպանել», - ընդգծեց ընդդիմադիր գործիչը:
Instagram սոցիալական ցանցում տեղադրված տեսաուղերձում Հակակոռուպցիոն հիմնադրամի հիմնադիրը պարզաբանել է. «Գերմանիա գալը իմ ընտրությունը չէր, սա հիանալի երկիր է, բայց ես այստեղ չէի եկել իմ կամքով»: