հիմնական կայք
Լրահոս

Ինչպես խաղալ վատ քարտերով․ «Առավոտ»

Ինչպես խաղալ վատ քարտերով․ «Առավոտ» «Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Անկախ նրանից, թե ով էր երեկ Մոսկվայում ներկայացնում Հայաստանը, մենք շահագրգռված ենք, որ մեր երկրի ցանկացած ղեկավար (թեկուզ՝ պարտված եւ ձախողված, ինչպես այս դեպքում է) նման բանակցությունների ժամանակ ունենա ուժեղ խաղաքարտեր: Հետեւաբար, թվարկենք, թե որոնք էին այս հանդիպման Հայաստանի եւ Ադրբեջանի օրակարգերը:


Մեզ առավել հետաքրքրում է գերիների վերադարձը, անհետ կորածների, զոհվածների դիերի հայտնաբերումը, Սյունիքում սահմանային իրավիճակի կայունացումը, ինչպես նաեւ հետագայում՝ Ադրբեջանի տարածքով դեպի Իրան եւ Ռուսաստան ճանապարհների ապաշրջափակումը:


Ադրբեջանին պետք է, որ Արցախի պաշտպանության բանակը եւ ընդհանրապես իշխանությունը կազմալուծվի, Արցախը վերջնականապես դադարի որեւէ գործոն լինելուց, եւ նրա՝ դեռեւս մնացած 30 տոկոս տարածքում նշանակվի ռուս գեներալ- նահանգապետ, որի թեկնածությունը համաձայնեցված լինի ադրբեջանական կողմի հետ: Ադրբեջանն ուզում է, որ Ռուսաստանի խաղաղապահները չխոչընդոտեն, մասնավորապես, Շուշիի շրջանում իր բանակի գործողություններին: Իսկ ամենակարեւորը՝ այդ երկրի եւ Թուրքիայի ցանկությունն է, որ Մեղրիի տարածքով օր առաջ միջանցք բացվի Նախիջեւանի եւ Ադրբեջանի մնացած տարածքի միջեւ:

Առաջարկում եմ ընթերցողներին դատել, թե որ կողմի ծրագրերն են ավելի իրագործելի: Կարծում եմ, որ ցանկացած սառը դատողություն ունեցող մարդ կհամաձայնի, որ ռազմական պարտությունից հետո մեր խաղաքարտերը թույլ են:

Այդ իրողությունները քիչ թե շատ պարզ էին հունվարի 11-ից առաջ եւ առավել պարզ են հիմա: Պարզ չէ, թե ինչպես խաղալ այս թույլ խաղաքարտերով, ինչպես անել, որ Ադրբեջանի (եւ Թուրքիայի) ծրագրերը չիրականանան, իսկ մեր խնդիրները հնարավորինս օպտիմալ ձեւով լուծվեն:

Նիկոլ Փաշինյանը դա չգիտի՝ չունի դրա համար համապատասխան պատրաստվածություն, եթե անգամ մի կողմ թողնենք այն խնդիրը, որ նման հարցերը նրան իրականում չեն հետաքրքրում. ֆեյսբուքյան ավելորդ «լայքը», իր ընտրազանգվածի կամ քծնողների հերթական «ցավդ տանեմ»-ը նրա համար ավելի կարեւոր են, քան պետության վրա կախված վտանգի դեմն առնելը: Վարչապետից կարող ենք սպասել հերթական արդարացումները պարունակող «դուխով» ուղերձը, ինչպես նաեւ երկրի ներսում ուժային քայլեր, որոնք նպաստելու են իր իշխանության պահպանմանը:

Բայց ամենացավալին դա չէ: Ավելի մեծ ողբերգությունն է այն, որ հիշյալ վտանգների կանխարգելման ձեւը չգիտեն նաեւ ասպարեզում գտնվող ընդդիմադիրները: Վարչապետը երեկ Մոսկվայում ոչ մի «ազգադավ փաստաթուղթ» չի ստորագրել, բայց դրանից մեր վիճակը չի թեթեւացել: Երբ ընդդիմադիրների մի մասը վիճարկում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը եւ, ըստ էության, կոչ անում դրա դրույթները չկատարել, նրանք, ըստ էության, չեն մտածում այդ առաջարկի հետեւանքների մասին: Երբ իշխանության ներկայացուցիչները, նիկոլականները եւ հականիկոլականները պնդում են, որ «լավ բանակցելով հնարավոր է հետ բերել Շուշին եւ Հադրութը», նրանք կա՛մ կտրված են իրականությունից, կա՛մ էլ մոլորեցնում են հասարակությանը:

Այո, Փաշինյանն այս պահին ձեռնտու է Պուտինին, քանի որ ընդհանուր առմամբ, նպաստում է Ռուսաստանի ծրագրերի իրականացմանը եւ Ալիեւին, քանի որ նրա համար հեշտ է գործ ունենալ հակառակորդ երկրի պարտված առաջնորդի հետ: Սակայն եկեք մի պահ ենթադրենք, որ հունվարի 11-ին Մոսկվա էր մեկնել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանի մեկ այլ առաջնորդ: Նա ի՞նչ պիտի աներ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք