հիմնական կայք
Լրահոս

Արսենն ախպորն օգնություն է ցույց տվել, ուղարկել հոսպիտալ, իսկ ինքը զոհվել է մարտի դաշտում. 168.am

Արսենն ախպորն օգնություն է ցույց տվել, ուղարկել  հոսպիտալ, իսկ ինքը զոհվել է մարտի դաշտում. 168.am Արմեն (Մելսիկ) և Արսեն (Վիլգեմ) Գեղամյան եղբայրները 9 ամսվա ծառայող էին, երբ սկսվեց պատերազմը: Նրանց հորեղբոր որդին՝ Շուրկա Գեղամյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ եղբայրները ծառայում էին Արցախում՝ հրետանային զորամասում:


«Արմենը և Արսենը զույգ եղբայրներ են, ծնվել են 2001 թվականի հոկտեմբերի 9-ին, Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում: Դպրոցն ավարտելուց հետո մեզ մոտ զինվորական գծով վարորդի դասընթացների գնացին ու մեկնեցին ծառայության, երկուսն էլ բանակում վարորդ են եղել: Երկուսն էլ համեստ, խելոք, հարգված երիտասարդներ են, որ գնացել էին բանակ, ամեն օր խոսում էինք թե Արմենի, թե Արսենի հետ, դե, իրենք շատ ժամանակ իրար հետ չէին լինում, քանի որ երկուսն էլ վարորդ էին, ամեն անգամ ասում էին՝ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է: 2019-ի դեկտեմբերին էին մեկնել ծառայության, մեկ տարի էլ չկար, ու այս դեպքը եղավ»,- պատմեց Շուրկան:

Եղբայրները վերջին անգամ հարազատներին տեսել էին զինվորական երդման արարողության ժամանակ, արձակուրդ չէին եկել՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված.

«Պրիսյագը հունվարին էր, գնացինք, տրամադրությունները շատ լավ էր, ոչ մի բողոք չունեին ծառայությունից, ասացին՝ 6 ամիսը լրանա՝ արձակուրդ կտան, այն էլ այս հիվանդությունը տարածվեց, բայց էլի չէին տխրում, Արսենն ասում էր՝ ինչքան ուշ գանք արձակուրդ՝ այնքան լավ, կվերադառնանք զորամաս, քիչ կմնա զորացրվելուն»,- հիշեց եղբայրների հորեղբոր որդին:

Հոկտեմբերի 10-ին՝ տղաների ծննդյան հաջորդ օրը, եղբայրներից Արմենը վիրավորվում է և տեղափոխվում Գորիսի հոսպիտալ, օրեր անց մյուս եղբայրը՝ Արսենը, մարտի դաշտում զոհվում է:

«Այդ պահին, որ արկն ընկել է, ու Արմենը վիրավորում է ստացել, Արսենը 100 մետր հեռու է եղել՝ հրետանու մոտ, շտապօգնությունը որ եկել է, Արսենն ախպորն օգնություն է ցույց տվել, ուղարկել է հոսպիտալ, իսկ ինքը մնացել է մարտի դաշտում: Արսենի հետ վերջին անգամ, եթե չեմ սխալվում՝ խոսել եմ հոկտեմբերի 13-ի առավոտյան, ասաց՝ մի քիչ խառն ենք, ախպեր, հետո կզանգեմ, տրամադրությունը էլի լավ էր, խնդալով ասաց՝ Շուր ջան, ամեն ինչ նորմալ է, ախպեր, պուշկի արկերը պետք է փչենք, որ տեղափոխենք… Արսենիս վերջին խոսակցությունն է եղել… Հոկտեմբերի 15-ի առավոտյան բոթը լսեցինք: Իրենք Հադրութի հրետանային զորամասում էին ծառայում, բայց թե ուր էին գնացել, դեպքը կոնկրետ որտեղ է եղել՝ չգիտեմ»,- պատմեց Շուրկան:

Մանրամասները՝ 168.am-ում

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք