211652_close_icon
views-count1143 դիտում article-date 14:43 04-12-2020

Մայա Սանդուն հայտարարել է, որ Մոլդովային նոր խորհրդարան և նոր կառավարություն է պետք

Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն վարչապետ Իոն Կիկուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ երկրին այլ կառավարություն ու նոր խորհրդարան է պետք: Այս մասին տեղեկացնում է [url=https://ria.ru/20201204/sandu-1587646471.html]ria.ru[/url]-ն: «Ես հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Կիկուի հետ: Ես նրան ասել եմ, որ երկրին անհրաժեշտ է նոր խորհրդարան և այլ կառավարություն: Կառավարության հրաժարականն այս նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհն է»,-հայտարարել է Սանդուն: Նա նաև ասել է վարչապետին, որ կառավարության կողմից մշակված 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը «ի վիճակի չէ օգնել քաղաքացիներին»: Նոյեմբերի 15-ին Մոլդովայում անցկացվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Մոլդովայի քաղաքացիները պետության ղեկավար էին ընտրում առաջիկա 4 տարիների համար: Ընտրությունների երկրորդ փուլում նախագահի թեկնածուներն էին նախկին վարչապետ Սանդուն և գործող նախագահ Դոդոնը, որը հավակնում էր երկրորդ ժամկետի: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, նախագահական ընտրություններում Սանդուն հաղթել է ձայների 57,75%-ով, Դոդոնի օգտին քվեարկել է ընտրողների 42,25%-ը: Մոլդովայի նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին:

Նմանատիպ նյութեր