211652_close_icon
views-count7245 դիտում article-date 14:13 04-12-2020

Հետպատերազմյան փուլում քաղպաշտպանությունը դրված է որպես առաջնահերթ խնդիր․ ՀՀ ԱԻՆ փոխնախարար

Հետպատերազմյան փուլում Հայաստանում վերհանված ամենակարեւոր խնդիրը վերաբերում է քաղպաշտպանությանը, այն դրված է որպես առաջնահերթություն, եւ տարվում են քննարկումներ, որպեսզի միջոցներ ձեռնարկենք ավելի լայն ձեւով իրազեկելու եւ քաղպաշտպանության էությունն ու իմաստը քաղաքացիներին հասցնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։ «Արցախի քաղաքներում բնակչությունը բավականին լավ պատրաստված է եւ գիտի՝ օդային տագնապի դեպքում ինչպիսի վարքագիծ դրսեւորի, որտեղ պատսպարվի, բայց ՀՀ տարածքում տարիներ շարունակ այդ մասով եղել է բացթողում»,- ասաց Փամբուխչյանը՝ մանրամասնելով, որ ԱԻՆ-ը այժմ իր բոլոր ուժերը ուղղել է քաղպաշտպանության հարցերին, մասնավորապես՝ ազդարարման մեխանիզմների ստեղծմանը, շչակների համալրմանը, ինչպես նաեւ ժամանակավոր ապաստարանները տեսքի բերելուն։ Դիտարկմանը, որ պատերազմի օրերին բարձրահարկ շենքերին նկուղների վերաբերյալ հայտարարություններ էին փակցվում, մինչդեռ այդ նկուղները որպես ապաստարան ծառայելուն պիտանի չէին, ԱԻՆ փոխնախարարն արձագանքեց՝ ասելով, որ այդտեղ իսկապես կա խնդիր․ «Այդ նկուղները հիմնականում մասնավորեցվել են կամ ծառայել որպես կենցաղային պահեստ: Այդ խնդիրները ունենք, դրանք եւս լուծելի են, եւ փուլ առ փուլ գնում ենք այդ ուղղությամբ, որ ապահովենք նկուղ ունեցող շենքի առնվազն բնակիչների քանակով ինչ-որ միջավայր ժամանակավոր պատսպարման համար, իսկ մշտական պատսրապարման համար ապաստարանների խնդիրը եւս հաշվի է առնված, բայց ներկա պահին ամենակարեւորը ժամանակավոր պատսպարման ապահովումն է»։ Առաջին քայլը, ըստ փոխնախարարի, քաղաքացու կցագրումն է լինելու․ քաղաքացին պիտի իմանա, թե որտեղ է ինքը կցագրված, որն է իր ապաստարանը։ Երկրորդ քայլը վերաբերում է համայնքներին․ համայնքը պետք է իրականացնի նկուղը մաքրելու, որպես ապաստարան նախապատրաստելու գործընթաց, իսկ ԱԻՆ-ի գործառույթները այս դեպքում պիտի լինեն ստուգող, վերահսկող, գնահատող․ «Մենք շատ ակտիվ աշխատում ենք համայնքների հետ, պատերազմի օրերին էլ տարբեր քաղաքներից, համայքններից գալիս էր պատկեր, թե քանի նկուղ է ստուգվել, ինչ վիճակում են գտնվում, որից հետո աշխատակիցները գնում, ստուգումներ էին իրականացնում, դրանք մինչ օրս շարունակվում են»։ Անդրադառնալով քաղպաշտպանությանն առնչվող գիտելիքների բացին՝ Արմեն Փամբուխչյանը հիշեցրեց, որ այս ընթացքում մի քանի տեսանյութ են նկարել, մասնագետները հարցազրույցների միջոցով, նաեւ համայնքներն են փորձել բացատրել անհրաժեշտ վարքագիծը․ «Բայց եթե անկեղծ խոսենք, ամբողջ բնակչությունը ներկա պահին պատրաստ չէ դրան, այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»։ Հարցազրույցների, ասուլիսների, հեռուստատեսությամբ հեռարձակվող իրազեկման արշավներից բացի, այժմ քննարկումներ են տարվում քաղպաշտպանությանն ուղղված կարճ դասընթաց դպրոցներում եւ հանրակրթական այլ հաստատություններում ներառելու ուղղությամբ։ Փոխնախարարը չբացառեց, որ առաջիկայում կլինեն նաեւ խնդրի օրենսդրական լուծումներ։

Նմանատիպ նյութեր