211652_close_icon
views-count898 դիտում article-date 11:26 04-12-2020

Չկա ներքին համաձայնություն, բևեռացվածության աստիճանը բարձր է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի հրաժարականով այն ավերածությունները, այն կորուստները, այն աղետը, որոնք տեղի են ունեցել նրա պատճառով, չեն վերանա: Մեզ տարիներ, գուցե տասնամյակներ են պետք լինելու՝ քիչ թե շատ նորմալ, ապահով կյանքին վերադառնալու համար: Միակ հարցը, որը կարող է լուծել վարչապետի հրաժարականը, որոշակի կայունության ապահովումն է, բզկտված հասարակությունը հանդարտեցնելն է, ազգային համերաշխություն ապահովելն է, ինչն, իհարկե, շատ կարեւոր է: Խնդիրն այն է, որ ներկայիս վարչապետի՝ իր պաշտոնում մնալու ամեն մի րոպեն, նրա արտասանած ամեն մի բառը, նրա հանդիպման պաշտոնական հաղորդագրության ամեն մի մեջբերումը, անկախ բովանդակությունից, շատերի կողմից ընկալվում է որպես վիրավորանք, որպես անարգանք հազարավոր զոհերի հիշատակին, ցինիկ վերաբերմունք տասնյակ հազարավոր տառապյալ մարդկանց հանդեպ: Կործանել երկիրը եւ ժողովրդին, իսկ հետո ինչ-որ ճիշտ կամ սխալ բառե՞ր ասել… Ես չգիտեմ, թե մեր հասարակության ո՞ր տոկոսն է այդպես մտածում, գուցե 20, գուցե 50, բայց դա, իմ կարծիքով, արժանապատվության, պարկեշտության խնդիր է: Ինձ չեն հետաքրքրում իշխանությունն ու ընդդիմությունը, նրանց քաղաքական պայքարը՝ մանավանդ, որ տեսնում եմ, թե ինչպես են ստեղծված վիճակը «նախկինները» փորձում օգտագործել ռեւանշի հասնելու համար: Խոսում են անգամ Քոչարյանի վերադարձի մասին. ինչ խոսք, հրաշալի հեռանկար է՝ էգոցենտրիկ, ինքնասիրահարված մի խելագարին մյուսով փոխարինելը: Բայց այդ ամենն ընթացիկ քաղաքականություն է: Ինձ հետաքրքիր է հասարակությունը եւ տվյալ դեպքում՝ այն, ինչ կոչվում է «էմոցիոնալ ինտելեկտ», այլ կերպ ասած՝ կարեկցելու, ուրիշի ցավը կիսելու, ուրիշի տառապանքը զգալու ունակությունը: Այդ առումով մեր իշխանավորները, վարչապետի գլխավորությամբ, բացարձակապես անհաղորդ են, կույր են եւ խուլ, թե չէ վաղուց մանդատներից եւ պաշտոններից կհրաժարվեին՝ կհասկանային, որ իրենց արտասանած ամեն մի բառ բորբոքում է մարդկանց վերքերը: Իսկ մեր հասարակությո՞ւնը՝ այդ հարցում էլ որոշակի կասկածներ ունեմ: Այստեղ չկա ներքին համաձայնություն, բեւեռացվածության աստիճանը բարձր է: Միասնականության, համերաշխության, համատեղ ուժերով ոտքի կանգնելու, առողջ քննարկման եւ երկխոսության կոչերը, որոնք հնչում են իշխանական ճամբարից, լուրջ չեն ընկալվում: 2,5 տարում «Իմ քայլի» պատգամավորներից որեւէ մեկը երբեւէ հրապարակավ չի հակադրվել «շնաբարո դուրսպրծուկներ», «պատերի տակ վնգստացողներ» արտահայտություններին, «պատերին ծեփելու», «ասֆալտին փռելու» սպառնալիքներին եւ նման ոճով մի քանի տասնյակ այլ արտահայտություններին, որոնք գրեթե ամենօրյա ռեժիմով հնչում էին վարչապետի «լայվերի» ժամանակ: Նրանց երեւի թվում էր, որ դրանցով երկրպագուների նոր բանակ են նվաճում եւ ամրապնդում են իշխանությունը: Իրականում դա ամեն օր չարության, ատելության բաժինն ավելացնելու եւ հասարակությունը ներսից պայթեցնելու գործընթաց էր: Հիմա նրանց իսկ ստեղծած բաժանարար գծերը հաղթահարելու համար առնվազն պետք է ասեն, որ այս «ծեփելն» ու «փռելը» սխալ էր: Այդ դեպքում «իմքայլականները», կարծում եմ, կարող են, եթե ուզում են, շարունակել իրենց քաղաքական գործունեությունը: Բայց՝ առանց Փաշինյանի: Բայց քանի որ հավատս չի գալիս, որ նա կգնա, ապա ենթադրում եմ, որ մեկ ամսից վարչապետը կդիմի «հպարտ քաղաքացիներին» եւ կշնորհավորի բոլորիս Նոր տարին՝ խոստանալով պայծառ ապագա՝ իր հմուտ ղեկավարությամբ: Քաղաքացիների զգալի մասն այս ցինիզմը կուլ կտա եւ կկենտրոնանա բուդ ուտելու վրա»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր