211652_close_icon
views-count1227 դիտում article-date 15:11 03-12-2020

Պատերազմից վնասված Սյունիքի և Գեղարքունիքի համայնքների բնակարանների սեփականատերերին փոխհատուցում կտրվի

Կառավարությունը հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը։ Նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Նա նշեց, որ միջոցառումը ենթադրում է քաղաքացիներին փոխհատուցել անշարժ գույքի վնասների դեպքում։ «Մասնավորապես, խոսքը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մասին է։ Ընդհանուր առմամբ մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը, մարզպետարանների միջոցով ավերածությունների հաշվարկները ներկայացված են։ Քաղաքացիներին կտրամադրվի այդ փոխհատուցումը, քանի որ ավերածությունները հիմնականում փոքր չափի են։ Միայն մեկ դեպքով ունենք ամբողջական տան վնասվածք։ Առանձին որոշում է կայացվում կոնկրետ այդ ընտանիքին կացարանով ապահովելու մասով»,- նշեց նախարարը։ Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով: Աջակցությունից օգտվելու համար շահառուն պետք է օնլայն դիմում ներկայացնի, աաջիկա օրերին կարգավորումը կհաստատվի, հնգօրյա ժամկետում գումարը կփոխանցվի բանկային հաշվին։ «Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզում քաղաքացիների տներին հասցված վնասների փոխհատուցումը տեղի կունենա»,- ասաց վարչապետը։

Նմանատիպ նյութեր