211652_close_icon
views-count1328 դիտում article-date 11:14 03-12-2020

Հայաստանում աղքատության մակարդակը 2019-ին կազմել է 26.4%

Հայաստանում աղքատության մակարդակը 2019-ին կազմել է 26.4% այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա նկատմամբ գրանցել է զգալի աճ՝ 7.6%, որը գերազանցում է 2018-ին գրանցված 5.2% աճին: Սպառողական գների ինդեքսը 2018-ի նկատմամբ աճել է 1.4 %-ով: Տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ 2019-ի աղքատության մակարդակի ցուցանիշը համադրելի չէ 2018-ին արձանագրված 23.5% աղքատության ցուցանիշին՝ պայմանավորված աղքատության գծի, ինչպես նաև սպառման և աղքատության չափման մեթոդաբանության փոփոխությամբ: Աղքատության չափման հիմնական (պաշտոնական) մոտեցումը Հայաստանում համարվում է 2019-ի մեթոդաբանությունից բխող բացարձակ՝ ըստ սպառման, աղքատությունը: Նշված համատեքստում, համաձայն Համաշխարհային բանկի սահմանման, բացարձակ աղքատությունը՝ տնային տնտեսությունների որոշակի կենսամակարդակի ընդունելի նվազագույնի ապահովման անկարողությունն է: Աղքատության սրությունը արտացոլում է աղքատների միջև եղած սպառման անհավասարությունը: Այն արտացոլում է այն փաստը, որ որոշ աղքատների սպառումը շատ է հեռու աղքատության գծից, իսկ որոշ աղքատներինը` շատ մոտ: 2019-ին աղքատության սրությունը եղել է 3.4%: 2019-ին աղքատության վերին, ստորին և ծայրահեղ աղքատության գծերը, ինչպես նաև աղքատության միջին գիծը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են` համապատասխանաբար, 53 043 դրամ (կամ 110.3 ԱՄՆ դոլար), 35 054 դրամ (կամ 72.9 ԱՄՆ դոլար), 23 763 դրամ (կամ 49.4 ԱՄՆ դոլար) և 44 048 դրամ (կամ 91.7 ԱՄՆ դոլար):

Նմանատիպ նյութեր