211652_close_icon
views-count32115 դիտում article-date 16:24 01-12-2020

Հերթական առաջադրանք կատարելիս՝ «Թութակ» կոչվող բարձունքը գրավելիս, մարտի են բռնվել դեմ առ դեմ թշնամու դիվերսիոն խմբի հետ, լուրջ վնաս հասցնելով թշնամուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ընկերասեր, նվիրված, բարի, միշտ բոլորին հասնող, միշտ նեղության մեջ գտնվող, ընկերոջ կողքին կանգնող Նիկողոս Մխիթարյան, այսպես էին բնութագրում նրան զինակից ընկերները։ Քաջարի զինվոր Նիկոն ծնվել է 2000թ սեպտեմբերի 6-ին Լոռու մարզի Ջրաշեն գյուղում, բանվորի ընտանիքում։ Ծնողները սիրով և նվիրվածությամբ էին մեծացնում նրան, հպարտանում օր-օրի հասակ առնող Նիկողոսով։ Բոլորի կողմից սիրված, ժպտերես, ընկերասեր, հայրենասեր էր, հայրենասեր, աշխատասեր տղա էր։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Վանաձորի Պոլիտեխնիկի ՃԵԿ-ը: Մասնաճյուղում սովորեց կես տարի, այսինքն՝ առաջին կուրսի ուսանող էր, երբ զորակոչվեց զինվորական ծառայության, հայրենիքին պարտքը տալու։ Նա միայն պարտքը չտվեց, տվեց նաև կյանքը, որ իր ազգը, իր հայրենիքը ապրի խաղաղության մեջ։ Իր տակավին երիտասարդ, նոր կյանք մտած, երազանքներն ու նպատակները կիսատ թողնելով, հերոսացավ։ Զինվորական առաջադրանք կատարելիս միշտ եղել է մարտերի ամենաթեժ կետերում, եղել է հետախույզ, եղել է դիվերսանտ, եղել է դիպուկահար, կռվել հերոսաբար, հաճախակի փրկելով վտանգի մեջ գտնվող ընկերների կյանքը և պատահականությամբ փրկվելով նաև ինքը։ Հրամանատարական կազմի հետ միշտ բարեհաջող է կատարել հետախուզական առաջադրանքները։ Ընկերները պատմում են, որ Նիկոն անթիվ, անհամար ազերիների է սպանել։ Հոկտեմբերի 18-ին, հերթական առաջադրանք կատարելիս, «Թութակ» կոչվող բարձունքը գրավելիս, մարտի են բռնվել դեմ առ դեմ թշնամու դիվերսիոն խմբի հետ, լուրջ վնաս հասցնելով թշնամուն։ «Հետ նահանջ» հրաման են ստանում, որպեսզի քիչ զոհեր տան․․․ Ավա՜ղ ,տալիս են զոհեր, որտեղ և զոհվում են հերոսաբար կռվող սպան և ժամկետային զինծառայող Նիկողոսը՝ անտառում թաքնված թշնամու գնդակից: Նրա զինակից ընկերները խոստացել են, որ երբ վերադառնան, կպատմեն նրա հերոսության մասին շատ ու շատ դրվագներ։ Հերոսաբար զոհվեց Նիկոն տան միակ զավակը` կյանքը նվիրելով հայրենիքին, երազանքը` հողին: Որքան կարոտ, որքան սպասում, ինչքան երազներ անկատար մնացին: Նիկոն հեռացավ, ցավ ու դառնություն, մեծ վիշտ պատճառելով իր ծնողներին, որոնք կարոտով և հույսով սպասում էին իրենց որդու վերադարձին, որ մի քանի ամիս էր մնացել ծառայության ավարտին: Նրան հպարտությամբ են հիշում հարազատները, համագյուղացիները, ուսանողական ընկերները և նրան բոլոր ճանաչողները: Ու նրա մասին ասում են՝ հերոս, քեզ ու քո նմաններին բացակա չենք չդնի, դուք բռնեցիք հավերժի ճամփան: Հավերժ փառք քեզ և բոլոր նահատակված հերոսներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր