211652_close_icon
views-count2518 դիտում article-date 15:00 01-12-2020

ՍԱՏՄ-ն հորդորում է բնակիչներին չգնել փողոցներում վաճառվող կենդանական ծագման մթերք

Հանրապետությունում ներկայում գործում է 72 սպանդանոց, որից 38-ը ծառայություն է մատուցում: Մնացածը ներտնտեսային սպանդանոցներն են: Գործում է նաև երկու շարժական սպանդանոց: [url=https://armenpress.am/arm/news/1036396.html]«Արմենպրես»[/url]-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նրա խոսքով, առաջիկայում ևս սպանդանոցների թիվը կավելանա: «Սպանդանոցների թվաքանակից բացի, մենք հասանելիության հարց ունենք: Օրինակ, Շիրակում ունենք երկու սպանդանոց, որը բավարար չէ, Վայոց ձորում ևս մեկ սպանդանոցի անհրաժեշտություն կա: Դա թույլ կտա մրցակցություն ապահովել, որ խանութներն ու գյուղացիները չտուժեն: Սպասում ենք, որ հանրապետությունում մոտ 25 սպանդանոց ևս առաջիկայում կշահագործվի: Ունենք սպանդանոցներ, որոնք արդեն կառուցման պրոցեսում են գտնվում»,-ասաց Գեորգի Ավետիսյանը: ՍԱՏՄ ղեկավարը նշեց, որ իրենց վերահսկողության տակ է իրացման ցանցը: Դեռ հուլիսից աշխատանքներ են տարվել, որ իրացման ցանցում սպանդանոցային ծագման մսեղիք լինի: Նրա համոզմամբ, Երևանի առևտրի կետերում, կարելի է ասել, չստուգված մսեղիքի խնդիրը լուծված է: Այն մարզերը, որոնք սպանդանոցներով համալրված են, այնտեղ խնդիրը գրեթե լուծված է, իսկ այնտեղ, որտեղ սպանդանոցների քանակը բավարար չէ, կարող է խանութներում հայտնվի չստուգված մսեղիք: «Այս հարցի հետ կապված վերջերս կիրառել ենք նաև վարչական վարույթներ խանութների նկատմամբ: Առայժմ չստուգված մսի հետ կապված հայտնաբերված դեպքերի, վարույթների քանակն անհանգստացնող չէ: Կիրառում ենք մոտ 100 հազար դրամի չափով տուգանք, կարծում եմ՝ դա բավարար գումար է, որ խանութի աշխատողները հասկանան նման քայլերի չգնալու կարևորությունը»,-ասաց տեսչական մարմնի ղեկավարը: Գեորգի Ավետիսյանն ընդգծեց, որ կա խնդիրը, որը կապված է բակային, փողոցային առևտրի հետ: Այստեղ տեսչական մարմինը իրավասություն չունի միջամտելու: Խնդիրը համայնքների դաշտում է: Գեորգի Ավետսիսյանը կոչ է անում փողոցներում, ավտոմեքենաների թափքում վաճառվող մսամթերք, ընդհանրապես, կենդանական ծագման մթերք չգնել: Տեսչական մարմինը խնդիր է դրել այս հարցում ավելի սերտ աշխատել ՏԻՄ-երի հետ:

Նմանատիպ նյութեր