211652_close_icon
views-count1114 դիտում article-date 10:49 01-12-2020

Ինչո՞ւ ունենք այս որակը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ ինձ հարցնում են, թե ում եմ տեսնում մեր երկրի հաջորդ վարչապետ, իմ պատասխանը հստակ է՝ Հայաստանը խորհրդարանական երկիր է, վարչապետին ընտրում է խորհրդարանը: Հետևաբար, թող այդ խնդրի շուրջ մտածեն պատգամավորները: Երբ կլինեն արտահերթ կամ հերթական ընտրություններ, ես, հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների նման, իմ դիրքորոշումը կարտահայտեմ քվեարկությամբ՝ գերապատվություն տալով այս կամ այն քաղաքական ուժին: Ինձ առարկում են՝ «ուրեմն, դուք երկրի ճակատագիրը վստահում եք այս որակի խորհրդարանի՞ն»: Ես էլ պատասխանում եմ՝ «դա ե՛ս չեմ անում, դա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին արել է 884 864 քաղաքացի՝ ընտրողների 70,42 տոկոսը, որոնք ձայն են տվել «Իմ քայլը» դաշինքին»: Այդ մարդիկ են պատասխանատու ներկայիս խորհրդարանի և, հետևաբար, վարչապետի որակի համար: Ազգային ժողովը վարչապետ ընտրելու և կառավարություն ձևավորելու միակ սահմանադրական մարմինն է՝ այլ եղանակով ձևավորվող կառավարությունները՝ կոչվեն դրանք «Ազգային փրկության» կամ որևէ այլ կերպ, անօրինական են լինելու: Բայց ես առաջարկում եմ մտածել, թե ինչու մենք ունենք ա՛յս՝ տխուր որակի վարչապետ, կառավարություն և Ազգային ժողով: Այդ հարցին պատասխանելու համար եկեք հիշենք, թե ինչպես էր Հայաստանում իշխանություն ձևավորվում 90-ականների կեսերից: Տարբերակները երկուսն են. կա՛մ գործող իշխանությունը ցինիկ, անբարո և անօրինական ձևով վերարտադրվում է, կա’մ էլ օրինական ճանապարհով իշխանության է գալիս պետական կառավարման, ներքին և արտաքին քաղաքականության մասին պատկերացում չունեցող պոպուլիստը, որը երկիրն ու ժողովուրդը տանում է աղետալի ողբերգության: Երկու դեպքում էլ խորհրդարանական մեծամասնությունն, ըստ էության, նշանակվում է առաջին դեմքի կողմից, և պատգամավորների մեծ մասը պատահական, օրենսդրական աշխատանքին բացարձակապես անընդունակ մարդիկ են, որոնք ոտից գլուխ կախվածության մեջ են այդ դեմքից: Երկու տարբերակներն էլ ակնհայտորեն վատն են, և դրանք լուրջ կասկածներ են առաջացնում՝ արդյո՞ք Հայաստանում կիրառելի է այն, ինչը մենք սովոր ենք անվանել «ժողովրդավարություն», «ընտրություններ», «խորհրդարան»՝ իրենց դասական իմաստով: Ինչպես հայտնի է, այդ հարցն առաջանում է ոչ միայն Հայաստանում, այլևս բազմաթիվ այլ երկրներում՝ նույնիսկ Միացյալ Նահանգներում: Բնականաբար, ցանկալի է, որ դրա մասին խոսեն քաղաքագետները: Բայց ես ունեմ մի վարկած, որն, իհարկե, ստուգման կարիք ունի: Ես կարծում եմ, որ 884 864 մոլորված քաղաքացիները (որոնցից շատերը, նույնիսկ այս ազգային ողբերգության պարագայում շարունակում են պնդել իրենց մոլորությունը) ոչնչով չեն զիջում Ֆրանսիայի կամ Գերմանիայի շարքային քաղաքացիներին՝ կյանքի մասին պատկերացումները, մտահորիզոնը, ինչպես նաև ֆոբիաներն ու նախապաշարումները մոտավորապես նույնն են: Ես ենթադրում եմ, որ Հայաստանում, ի տարբերություն զարգացած երկրների, չի ձևավորվել այն վերնախավը (նաև ռազմական, որը մեր պարագայում շատ կարևոր է), որը կուղղորդի մեր հասարակությունը: Քիչ թե շատ գրագետ մարդու ցանկացած միտք՝ կարևոր չէ, ճիշտ թե սխալ, ենթարկվում է ֆեյսբուքահայության, կամ, եթե ուզում եք՝ պողոսահայության զանգվածային հարձակման: Մտքի հեղինակը վարկաբեկվում է, ժամանակակից լեզվով ասած՝ «բուլինգի» է ենթարկվում: Այսպիսով, ժողովրդավարությունը, իր բոլոր թերություններով, այլընտրանք չունի, իշխանությունը պետք է ձևավորվի արդար ընտրություններով: Բայց ժողովրդավարությունն այն դեպքում իմաստ ունի, եթե հասարակությունն ունի ազդեցիկ վերնախավ: Քանի այն չկա, մեզ սպասում են վերոհիշյալ երկու, հավասարապես վտանգավոր, տարբերակները»: [b]Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր