211652_close_icon
views-count59746 դիտում article-date 13:05 29-11-2020

Զինված ավազակային հարձակում Արարատի մարզում. թալանել են բենզալցակայանը

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 30-ամյա Քաջիկ Մադաթյանից, ով հայտնել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի Արազի փողոցի 20 հասցեում գործող բենզալցակայանում ավազակային հարձակում է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Սաֆարյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 22:50-ի սահմաններում անհայտ անձը մտել է նշված բենզալցակայանի աշխատասենյակ, ապա ձեռքին եղած ինքնաձիգով սպառնացել է Շահումյան գյուղի բնակիչներ, 24-ամյա Սպարտակ Օ.-ին, ով նշված բենզալցակայանում աշխատում է որպես լիցքավորող և այնտեղ գտնվող, նույն գյուղի բնակիչներ, 36-ամյա Արմեն Ա.-ին և 30 –ամյա Արայիկ Խ.-ին: Ինքնաձիգով զինված անձը պահանջել է գումար և ոսկյա զարդեր: Սպարտակ Օ.-ն, վախենալով այդ անձից, սենյակում եղած չհրկիզվող պահարանում գտնվող ողջ գումարը տվել է նրան, ով վերցնելով՝ դիմել է փախուստի: Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեաան գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական և քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կասկածյալին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր