211652_close_icon
views-count697 դիտում article-date 15:36 26-11-2020

ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը շնորհավորեց Արա Այվազյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր պատասխանատու առաքելության մեջ: ԱԳ նախարար Այվազյանն ու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը քննարկեցին թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը և դրա հետևանքները տարածաշրջանի համար։ Անդրադարձ կատարվեց ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նախարար Այվազյանն այդ առնչությամբ առանձնահատուկ ընդգծեց միջազգային կառույցների և նախևառաջ ՄԱԿ համապատասխան մարմինների տեղում ներգրավվածության կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտգործնախարարը շեշտեց տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովմանը և վերջիններիս իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Նախարար Այվազյանը Գլխավոր քարտուղար Գուտերեշին համապարփակ տեղեկություն տրամադրեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և բռնության այլ դրսևորումների վերաբերյալ։ Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խստագույն պահպանումը, Արցախի պատմամշակութային ժառանագության նկատմամբ հարգալից վերաբերմունքը:

Նմանատիպ նյութեր