հիմնական կայք
Լրահոս

Քանի որ ոլորտն ինձ համար նորություն է, կփորձեմ բանակի դրականը ներդնել այստեղ. ԱԻ նոր նախարար

Քանի որ ոլորտն ինձ համար նորություն է, կփորձեմ բանակի դրականը ներդնել այստեղ. ԱԻ նոր նախարար Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:


Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է, որ ոլորտը և աշխատանքի բնույթը բոլորովին նոր է Անդրանիկ Փիլոյանի համար, քանի որ նա Արտակարգ իրավիճակների նախարարություն է տեղափոխվում բանակից. «Բայց, ըստ էության, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Փրկարար ծառայությունը նույնպես մեր Զինված ուժերի մասն են, և այդ առումով կարող ենք ասել, որ փոփոխությունն այդքան էլ մեծ չէ և նույնպիսի անելիքներ կան նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունում»:


Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ պատերազմի ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները շատ ակտիվ դերակատարություն են ունեցել և շնորհակալություն հայտնել այդ դերակատարման համար և հավելել. «Կարևոր եմ համարում նաև, որ Փրկարար ծառայությունը, ընդհանրապես՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, հետագայում զարգանա՝ նաև մեր նոր ի հայտ եկած մարտահրավերները, մեր նոր կարիքները հաշվի առնելով, իհարկե հենվելով այն ամենի վրա, ինչն արդյունավետ կերպով գոյություն է ունեցել մինչև այս պահը»:

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համատեղ աշխատանքի համար և նորանշանակ նախարարին հաջողություններ մաղթել ստանձնած պաշտոնում: «Երբ ինձ ներկայացնում էիք այստեղ նախարարի պաշտոնում, ես ասեցի, որ պատրաստ եմ ծառայելու Հայրենիքին և ժողովրդին. արել ենք մեր ուժերի ներածին չափով: Իսկապես շատ ծանր օրեր են եղել վերջին 8 ամիսը՝ համակարգն աշխատել է ժամացույցի նման», - իր խոսքում նշել է Ֆելիքս Ցոլակյանը:

Անդրանիկ Փիլոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վտահության համար և նշել. «Քանի որ նշված ոլորտն ինձ համար նորություն է, և ես բանակից եմ տեղափոխվում այստեղ, կարծում եմ, որ աշխատանքի ընթացքում այն լավը, այն դրականը, որ ունեցել եմ բանակում, կփորձեմ նաև ներդնել այստեղ, իսկ այն քայլը, որ պարոն Ցոլակյանի գլխավորությամբ արված է այս կառույցում, կփորձեմ մեկով կամ երկուսով ավելացնել: Ամեն դեպքում, ես այստեղ եկել եմ Ձեր հորդորով, միայն ու միայն մի պայմանով, որ ազգիս և մեր Հայրենիքին լինեմ օգտակար»:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք