211652_close_icon
views-count1288 դիտում article-date 10:51 21-11-2020

Հակադրվել տգիտությանը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Պատերազմում հաղթել է Պրուսիայի ուսուցիչը»՝ այդպես է Օտտո ֆոն Բիսմարկը բնութագրել 1870-71 թվականների Ֆրանսիայի հետ պատերազմի արդյունքները՝ պատերազմ, որում Պրուսիան համոզիչ հաղթանակ տարավ և որի արդյունքում, ըստ էության, ստեղծվեց միասնական գերմանական պետությունը: Ի՞նչ նկատի ուներ Գերմանիայի կանցլերը: Նախևառաջ, կարծում եմ, այն, որ իր երկիրը հոգեբանական առումով պատրաստ էր պատերազմին: Իսկ այդ հոգեբանական պատրաստվածության մեջ է մտնում, անշուշտ, կրթությունը, դաստիարակությունը: Այսօր համացանցի հայկական տարածքում տիրում է տգիտությունն ու ճաշակի, դաստիարակություն իսպառ բացակայությունը: Գուցե հարցնեք, ի՞նչ կապ ունի դա պատերազմի հետ: Պատկերացրեք, որ 1870 թվականին Գերմանիայի հասարակության մեծ մասն ամբողջ օրը վեր ընկած լիներ այդ երկրի քաղաքների շուկաներում և բերանը բաց լսեր պոպուլիստներին և դեմագոգներին: Կասկածում եմ, որ պատերազմը նույն արդյունքը կունենար: Ֆեյսբուքը նույն բազարն է, որտեղ գերիշխում են անգրագետ, պոռոտախոս, դեմագոգ հռետորները և արժանանում են զանգվածի ծափահարությունների: Փաստարկները կարևոր չեն. կարևորը բարձրաձայն գոռալն է և ձայնին համոզիչ ելևէջներ տալը: Երբեմն, բազարային հռետորները գալիս են իշխանության, և դրա հետևանքներն աշխարհի տարբեր երկրներում միշտ աղետալի են լինում: Ինչ կարելի է դրան հակադրել: Կարծում եմ՝ մտավորական վերնախավի փափուկ, բայց հաստատակամ դիմադրությունը: «Ափռ-ցփռ» խոսելուն պետք է հակադրել կիրթ խոսքը, մթին բնազդներին՝ լուսավորչությունը, առասպելներին, սնահավատություններին՝ գիտելիքը, անմիտ կրքերին՝ մտածված գործողությունները: Ամենասարսափելի վիճակը հասարակության մեջ ստեղծվում է այն դեպքում, երբ ինտելեկտուալները, այսպես ասած, «մտնում են հոսանքի մեջ», փորձում են հաճոյանալ ամբոխին, վախենում են «զոմբիական» գրոհներից: Ով որ այդպես է վարվել, նա, անշուշտ, պատասխանատու է այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակի համար: ․․․ Եթե ես հոդվածներ ու գրքեր չգրեմ, հարցազրույցներ չվարեմ, եթե ես լսարան ու դասարան չմտնեմ (այժմ, ցավոք, վիրտուալ), ապա այդ համեստ առաքելությունը իմ փոխարեն ոչ ոք չի կատարի: Ավելին՝ ես պետք է այդ ամենն անեմ անկեղծ նվիրումով, ամեն օր կատարելագործվելով: Իմ և իմ նմանների՝ այդ դաշտում մեկօրյա բացակայությունը ճանապարհ է բացում տգիտության, անդաստիարակության և դրանցից բխող արատների համար: Այնպես որ, ամեն մեկը կարևոր է իր տեղում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր