հիմնական կայք
Լրահոս

Մոսկվայի նպատակն է պահպանել ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա. «Ամերիկայի ձայն»

Մոսկվայի նպատակն է պահպանել ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա. «Ամերիկայի ձայն» ԱՄՆ ընդգծում է ՄԽ կարևորությունը ԼՂ հիմնախնդրում, իսկ Մոսկվան շեշտում է մարդասիրական ճգնաժամի վերացման հարցը: Ինչպիսի՞ դիրքորոշում կորդեգրի ԼՂ հարցում Բայդենի վարչակազմը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։


Եկել է ԼՂ-ում տևական խաղաղության հաստատման պահը, հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջեյմս Գիլմոր III-ը, ով կրկին բացառել է զենքի միջոցով ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորությունը: Այն պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, որոնք ներառում են ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը, ասել է ամերիկացի դիվանագետը:


Նա արձանագրել է, որ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակի դադարեցման վերաբերյալ՝ կարևորելով համաձայնության իրականացման մասին ՌԴ-ի տրամադրած հավելյալ տեղեկատվությունը։ «Մենք խրախուսում ենք, որ դուրս մնացած հարցերի լուծմանն ու հակամարտության տևական խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով կողմերն աշխատեն Մինսկի խմբի համանախագահների հետ»,- հայտարարել է Գիլմորը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ եռակողմ համաձայնագիրը լիովին համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնեցրած սկզբունքերի հետ: Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԼՂ հարցով խորհրդակցության ընթացքում կարևորել է հակամարտությամ գոտում մարդասիրական իրավիճակի կարգավորումն ու միջազգային կառույցների ակտիվ ներգրավվածությունը, որն, ըստ Պուտինի, ապագայում կօգնի հասնել ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը: «Այս հիմքի վրա մենք կշարունակենք կառուցել մեր փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների հետ»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

Chatham House հաստատության վերլուծաբան Լորենս Բրոերսի կարծիքով հրադարաի մասին համաձայնության իրականացման հիմնական դժվարությունը կապված է կողմերի միջև փոխվստահության բացակայության հետ: Ըստ վերլուծաբանի, համաձայնությունը հիմք չէ հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բուն հարցը, որը վիճարկվում է կողմերի միջև, նույնիսկ նշված չէ փաստաթղթում», նշում է Բրոերսը: Մոսկվան պետք է զգուշավոր քաղաքականություն վարի երկու երկրների հանդեպ, եթե ցանկանում է կանխել հետագա լարվածությունը: Նրա կարծիքով ՌԴ-ի երկարաժամկետ նպատակն է պահպանել ազդեցությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա:

Սթենֆորդի համալսարանի Ֆրիման Սպոգլիի միջազգային հետազոտությունների հաստատության տնօրեն Մայքլ Մաքֆոլը, ով նախկինում եղել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան, ԼՂ շուրջ հրադադարի համաձայնագիրը որակում է Պուտինի դիվանագիտական հաղթանակ: «Դա վերահաստատում է այն, ինչի մասին Պուտինը և նրա շրջապատը երազել են 20 տարի: Խոսքը տարածաշրջանում գերիշխող դիրքի մասին է», եզրակացնում է Մաքֆոլը Վաշինգտոն Փոստ օրաթերթին տված մեկնաբանությունում: Նա տարակուսանք է հայտնում, որ այս վերջին զարգացումներում ամբողջապես բացակայում էր Մինսկի խումբը: «Դա ինձ համար նշանակում է, որ նախ և առաջ բացակայում էր ԱՄՆ»:

Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի ԼՂ և տարածաշրջանի հարցում ԱՄՆ-ի նոր վարչակազմը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիկի կարծիքով նորընտիր նախագահ Ջո Բայդենը մեծ փորձ ունի արտաքին քաղաքականության ոլորտում: Նա երկար տարիներ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր, ուստի ծանոթ է տարածաշրջանի խնդիրներին, իսկ նրա թիմի անդամները ևս լավ են հասկանում ԼՂ հիմնախնդիրն ու տարածաշրջանը, շեշտում է Ուորլիկը:

«Ես ակնկալում եմ, որ գալիք վարչակազմը շատ ավելի մեծ դեր կխաղա այս հարցում, քան Թրամփի վարչակազմը: Հուսով եմ, որ մենք լիովին կներգրավվենք, քանի որ դա բխում է տարածաշրջանի շահերից»,- նշում է նա:

Նախընտրական օրերին ԼՂ-ի հարցի վերաբերյալ Բայդենի թիմը արել է երկու հայտարարություն, որից վերջինը հնչել է ԱՄՆ պետքարտուղար Պոմփեոյի՝ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներից և կրակի դադարեցմանը հասնելու անհաջող ջանքերից հետո:

Այդ օրերին դեմոկրատների նախագահի թեկնածու Բայդենը խոստացել էր ընտրվելու պարագայում առաջնորդվել ԼՂ հակամարտության ու տարածաշրջանային անվտանգության հարցերում իր հայտարարության մեջ նշված քայլերով: Նա ընդգծել էր, որ հրադադարի ձախողումը լայնածավալ մարդասիրական աղետով է սպառնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որի անվտանգությունը պետք է ապահովվի: Բայդենը կոչ էր արել նախագահ Թրամփին ուղիղ կապ հաստատել ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ` անհապաղ դե-էսկալացիա իրականացնելու և ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դադարեցնելու համար: Նա հորդորել էր վարչակազմին ամբողջությամբ իրականացնել և չչեղարկել Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժնի պահանջները, որը արգելում է ուղիղ օգնությունը Ադրբեջանին ԼՂ հակամարտության պատճառով: Բայդենն իր հայտարարության մեջ նաև կոչ էր արել Թուրքիային և ՌԴ-ին դադարեցնել հակամարտության թեժացումը զենքի մատակարարման միջոցով, իսկ Թուրքիայի դեպքում՝ նաև զինյալների տեղափոխման: Ընդգծելով եվրոպական գործընկերների հետ համագործակցությամբ ԱՄՆ առաջնորդությունը դիվանագիտական ջանքերում նա նաև կարևորել էր միջազգային մարդասիրական օգնությունը հակամարտությունից տուժածներին:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք