211652_close_icon
views-count899 դիտում article-date 11:23 20-11-2020

Մարդկայինը և պետականը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ նախահեղափոխական Հայաստանում սկզբից տարատեսակ ֆորումներում, իսկ այնուհետև ֆեյսբուքում սկսվել և զարգանում էր քարոզչական վակխանալիան, ես խնդրում էի, համոզում էի պահպանել մարդկային դեմքը, ինչի համար արժանանում էի հեղափոխականների ագրեսիվ արձագանքի: Օրինակ, ՀՀԿ-ական պատգամավորն ընկել և ձեռքը կոտրել էր. այդ լուրի տակ մի 500 հոգի գրում էր՝ «ավելի լավ է՝ թող սատկեր»: Եվ չգիտեմ՝ արդյոք դա կազմակերպված էր այն ժամանակվա ընդդիմության կողմից, թե դա ատելության տարրերային բռնկում էր, բայց նման քարոզչությունն, անշուշտ, նպաստում էր բացասական էներգիայի կուտակմանը, որն, ի վերջո, բերեց թավշյա հեղափոխությանը: Ամբողջ խնդիրն այն է, որ հեղափոխությունից հետո նույն ատելության գեներացումը դարձավ իշխանությունը պահելու և ամրապնդելու միջոց: Մանվել Գրիգորյանն, իհարկե, ուներ բազմաթիվ մեղքեր, գուցե կատարել էր հանցագործություններ, որոնք սակայն 2,5 տարում չապացուցվեցին: Բայց երբ նա արդեն ազատազրկված էր, և ես կոչ էի անում նրա հանդեպ ցուցաբերել մարդկային վերաբերմունք, շատերը (այդ թվում, ԱԺ պատգամավորները) ինձ հետ վիճում էին՝ «բա որ նա…» հայտնի «փաստարկով»: Եվ խնդիրը միայն զուտ մարդկային հարթության մեջ չէ՝ հեղափոխությունը հարվածում է ոչ միայն պետական, տնտեսական կամ հասարակական ինստիտուտներին, այլև մարդկային հարաբերություններին, և այդ բոլոր հարվածները պետք է դիտարկել որպես մեկ համալիր երևույթ: Ատելությունը հիմա էլ է նպաստում իշխանության պահպանմանը՝ այսօր էլ իշխանության հիմնական քաղաքական ռեսուրսը ատելությունն է իրենց դարն ապրած «նախկինների» հանդեպ և գրեթե սնահավատ վախը այդ «ուրվական-բոբոների» վերադառնալու վերաբերյալ: Բայց հանուն արդարության նշենք, որ հիմա առկա է նաև հակառակ՝ իշխանության հանդեպ ատելությունը, և այն գնալով աճելու է՝ կորուստների, զոհերի և գաղթականների աճի և ընդհանրապես՝ ազգային ողբերգության ամբողջական ընկալումից հետո: Եվ այդ ատելությունը նույնքան դեստրուկտիվ է, որքան իշխանության կողմից հրահրածը: Այդ ատելության դրսևորումներից է, օրինակ, Շուշիում Վազգեն Սարգսյանի պղծված արձանի նկարի տարածումը և դա «իշխանությունների աչքը կոխելը»: Բացի զուտ քարոզչությունից, նպատակներից մեկը ազգային հերոսի եղբորը՝ Արամ Սարգսյանին (որն, ի դեպ, ամենևին իշխանություն չէ) ցավ պատճառելն է: Որևէ մարդու ցավ պատճառելու ձգտումն, իհարկե, դատապարտելի է: Բայց այստեղ էլ պետականն ու մարդկայինը մեկ համալիրի մեջ են. դա հարված է ոչ այնքան իշխանությանը կամ հարազատին, որքան առաջին հերթին մեր ազգային արժանապատվությանը: Նիկոլ Փաշինյանը դեռևս վարչապետ է՝ երես ունի, մնում է (չնայած մարդկայնորեն ինձ համար դա անհասկանալի է): Բայց դա, ենթադրում եմ, երկար չի տևի: Այժմ ներկա, իսկ մոտ ապագայում՝ նախկին այս թիմի հանդեպ ատելություն հրահրելը նույնպես վտանգավոր է և հարվածի տակ է դնելու ոչ թե անձանց, այլ ինստիտուտները, հասարակական համերաշխությունը: Իմ ամենամեծ մտահոգություններից մեկն այն է, որ 2021 թվականին մենք կհայտնվենք նույն վիճակում, որում հայտնվել էինք 2018 թվականի ապրիլին` ատելության ալիքի վրա իշխանության բերելով որևէ նոր դիլետանտի, պոպուլիստի և դեմագոգի: Եվ սկսվելու է պետությունը քանդելու նոր՝ այս անգամ, վախենամ, վերջին փուլը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր